Ագրարայինից Ոսկեվազի գինեգործարան՝ Գայզենհայմի համալսարանով. Վաչե Գրիգորյանի մասնագիտական կարիերան այսպես է մեկնարկել

Վաչե Գրիգորյանը ՀԱԱՀ  բակալավրիատի «Խմորման տեխնոլոգիա եւ գինեգործություն» կրթական ծրագրի այս  տարվա շրջանավարտներից է: Չորս-հինգ տարի առաջ մասնագիտական ընտրության հարցում նախնական՝ չբյուրեղացած որոշումը ծրագրավորման ոլորտի օգտին էր, բայց, ուսումնասիրելով հայաստանյան տարբեր բուհերի առաջարկած մասնագիտությունների ցանկը, կտրուկ շրջադարձ կատարեց՝ որոշելով դառնալ գինեգործ:

«Միշտ ակնածանքով եմ վերաբերվել այն ընտանիքներին, որտեղ կա գինեգործ: Գինեգործությունը սոսկ մասնագիտություն չէ, այն կարծես ամբողջացնում է մեր մշակույթն ու հին հայկական ավանդույթները,- ասում է Վաչեն եւ հավելում,- որքան ուսումնասիրում եմ, այնքան  ավելի ու ավելի գրավիչ է դառնում այն»:

Ագրարային համալսարանում ուսանելու տարիներին՝ երրորդ կուրսում, Վաչեն  Էրազմուս+ ծրագրի շրջանակում հնարավորություն է ստանում մասնագիտական կրթությունը շարունակելու Եւրոպայի՝ գինու կրթության ոլորտում առաջատար բուհերից մեկում՝ ՀԱԱՀ գործընկեր Գայզենհայմի համալսարարանում եւ տաս ամսով մեկնում Գերմանիա:

«Գայզենհայմի համալսարանում ուսանելիս նորովի բացահայտեցի գինու աշխարհը՝ սկսած խաղողի մշակման գաղտնիքներից, գինու արտադրության եւրոպական միտումներից ու տեխնոլոգիաներից մինչեւ գինու բիզնեսի  ու տուրիզմի, շուկայավարման առանձնահատկություններ: Այնտեղ դասերը հիմնականում գործնական բնույթի էին, կազմակերպվում էին հենց  գինեգործարաններում կամ խաղողի այգիներում՝ հնարավորություն տալով ստանալ կիրառական գիտելիքներ ու զարգացնել ոլորտում մրցունակ մասնագետ դառնալու համար անհրաժեշտ կարողություններ: Շատ հետաքրքիր էին անցնում նաեւ գինու զգայաբանական գնահատման դասերը, համտեսում էինք եւրոպական եւ աշխարհի տարբեր երկրների գինիներ»,- ասում է ՀԱԱՀ ուսանողն ու ցավով նկատում, որ հայկական գինիները ներառված չէին դասերի ընթացքում համտեսվող գինիների ցանկում: Վաչեն, սակայն, լինելով պատվախնդիր հայ, Գայզենահյամում իր ուժերով է կազմակերպել հայկակական գինիների համտես՝ ապացուցելով, որ հայկական գինիները ոչնչով չեն զիջում եւրոպականին: Ի դեպ, հայկականից հետո Վաչեին դուր են գալիս իսպանական գինիները:

2022 թ. հուլիսին վերադառնալով Հայաստան՝ Վաչեին հարազատ բուհում սպասում էր փորձուսուցման աշխատանքային կիսամյակը, որն էլ նա անցկացրեց Ոսկեվազ գինու գործարանում: Այստեղ էլ, նկատելով Եւրոպայում ուսանած երիտասարդի մասնագիտական գիտելիքները, նորարարական փորձն ու հմտությունները, փորձուսուցման ավարտից հետո նրան այլեւ «բաց չեն թողնում»՝ առաջարկելով զբաղեցնել գինեգործի օգնականի պաշտոնը:

Վաչեն այժմ աշխատում է իր սիրելի մասնագիտությամբ՝ միաժամանակ անընդհատ խորացնելով գիտելիքներն ու մասնագիտական փորձը: Հետաքրքիր է, որ երիտասարդ մասնագետն ապագայում իրեն ավելի շատ տեսնում է խաղողագործության ասպարեզում, քանի որ, ինչպես ինքն է ասում, լավ գինի ստանալու համար նախ եւ առաջ հարկավոր է լավ խաղող ունենալ։

Իսկ զրույցը եզրափակում է հետեւյալ արտահայտությամբ. «Մեծ բախտ էր ժամանակին մասնագիտության ճիշտ ընտրություն կատարելը»: