ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս + Միջազգային շարժունության ծրագրի շրջանակում 2023 թ. հունիսի 12-ից 18-ը վերապատրաստման ծրագրով գործուղվել եմ Ռումինիայի Կլուժ Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարան:
Վերապատրաստումը տեղի ունեցավ համալսարանի Տնտեսական գիտությունների դեպարտամենտում: Դեպարտամենտի պետ, պրոֆեսոր Ֆելիքս Արիոնի հետ քննարկել ենք Կլուժ Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանի Տնտեսական գիտությունների դեպարտամենտի եւ ՀԱԱՀ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի միջեւ տնտեսագիտության բնագավառում գիտական ու կրթական համագործակցության զարգացման հետագա հնարավորություններն ու մի շարք այլ կարեւոր հարցեր։
Վերապատրաստման շրջանակում տեղի ունեցան բազմաթիվ կարեւոր ու արդյունավետ հանդիպումներ համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ։
Չափազանց նշանակալից իրադարձություն եմ համարում մասնակցությունս ClusterXchange միջոցառմանը, որտեղ EXCELIVING նախագծի շրջանակում իրականացվում էր փորձի փոխանակում Դանիայի, Պորտուգալիայի եւ Իսպանիայի ընկերությունների միջեւ, որի նպատակն էր աջակցել ՓՄՁ-ներին՝ զարգացնելու գործընկերային նոր կապեր եւ բացահայտել նոր գործարար հնարավորություններ գործող կլաստերների շրջանակներում:
Հիմնական թեման էր՝ «Համագործակցություն, միջազգայնացում, թվայնացում բնակավայրերի արդյունաբերության ընկերությունների համար»․ քննարկվեցին Transilvania Digital Innovation Hub-ի այն ծառայությունները, որոնք հասանելի են ընկերություններին, ինչպես նաեւ համագործակցության հեռանկարային հնարավորությունները։ Հատկանշական էր նաեւ «AgroTransilvania Cluster»-ի՝ ագրարային ոլորտում ունեցած փորձի ուսումնասիրությունը, որը համարվում է Արեւելյան Եվրոպայի՝ ագրարային ոլորտում գործող խոշորագույն կլաստերներից մեկը, որի հիմնադիր ղեկավարը պրոֆեսոր Ֆելիքս Արիոնն է։
Այգեգործության եւ բիզնեսի զարգացման ֆակուլտետում հանդիպեցի խաղողագործության եւ գինեգործության դեպարտամենտի ներկայացուցիչներ Կլաուդիու Բունեայի, Անկա Բաբեսի եւ ֆակուլտետի Էրազմուս+ համակարգող Ռոդիկա Սիմայի հետ, քննարկեցինք գինեգործության զարգացման ռումինական փորձը, ինչպես նաեւ տեղի ունեցավ համալսարանի արտադրած մի քանի տեսակի գինիների համտեսի արարողություն։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում համալսարանի Էրազմուս+ համակարգող Սիմոնա Օրոսին, թիմի ներկայացուցիչ Միհաելա Նիկուլային, պրոֆեսոր Ֆելիքս Արիոնին։
Վերապատրաստումը հիանալի հնարավորություն էր նոր գիտելիքների ձեռք բերման, փորձի փոխանակման, ինչպես նաեւ նոր կապերի ամրապնդման համար: Շնորհակալություն եմ հայտնում ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտին՝ ընձեռնված հնարավորության համար։
Վարդան Ալեքսանյան
Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ