Հայաստանի կենսաբազմազանության ընդգրկուն հարթակ․ ԳԿԻՄ ծրագրի փակման համաժողովը

Դեկտեմբերի 2-ին փոքր դահլիճում տեղի ունեցավ Գլոբալ կենսաբազմազանության ինֆորմացիոն միջոցներ (ԳԿԻՄ) միջազգային կառույցի հետ գործակցող «ԳԿԻՄ Ֆրանսիա Հայաստան մենթորություն» միջազգային ծրագրի եւ «Գերմանական միջազգային համագործակցության ընկերության» (GIZ) EcoServe ծրագրի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության տվյալների թվայնացում, շրջանառում եւ կառավարում» ծրագրի փակման  համաժողովը։

ԳԿԻՄ ազգային ղեկավար, ՀԱԱՀ Գիտական աշխատանքների բաժնի վարիչի տեղակալ Արմինե Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի գործընկերներին՝ ԳԿԻՄ Ֆրանսիային, ՀԱԱՀ Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնին՝ հանձինս այս կառույցների ղեկավարեների՝ դոկտ․ Աննա Սոֆի Արչամբոյի եւ գ․գ․դ․, պրոֆ․ Անդրեաս Մելիքյանի, ինչպես նաեւ GIZ-ի խորհրդական Սիրանուշ Գալստյանին։ Դոկտ․ Արչամբոն, ինչպես նաեւ ծրագրի պատասխանատուներից Սոֆի Պամերլոնը համաժողովին մասնակցում էին առցանց։

2020 թ․ Արմինե Աբրահամյանի ջանքերով Հայաստանը դարձել է ԳԿԻՄ անդամ երկիր։ Սա թույլ տվեց առաջընթաց մեծ քայլ կատարել մեր երկրի կենսաբազմազանության տվյալների թվայնացման, կառավարման եւ հասանելիության ապահովման, ճշգրիտ տվյալների հիման վրա ոլորտում ճիշտ քաղաքականության վարման ուղղությամբ։

Ծրագրի շրջանակում անցկացվել են նաեւ Ֆրանսիա-Հայաստան մենթորության դասընթացներ, ստեղծվել է մեթոդաբանություն, շահակիցների կարիքների գնահատման քարտեզագրում, կարողությունների զարգացման դասընթացներ (ավելի քան 40 կազմակերպությունների ներկայացուցիչներ կարճաժամկետ վերապատրաստումներ են անցել), հրատարակվել են տվյալների թվայնացման ձեռնարկներ եւ իրականացվել է բուն թվայնացման գործընթաց, որին ակտիվորեն մասնակցել են ՀԱԱՀ ուսանողները։ Ծրագրի ղեկավարտը հատուկ շնորհակալություն հայտնեց վերջիններին։

Ֆրանսիացի գործընկերները բարձր գնահատեցին Հայաստանի ներդրումը ԳԿԻՄ ընդհանուր համակարգում։ «Հայաստանում, ըստ էության, մենք հասել ենք նախանշված բոլոր նպատակներին»,- ասաց Սոֆի Պամերլոնը, որը խոսեց տվյալների կորզման, որակի, կառավարման եւ ճշգրտման գործիքաշարի մասին։ Դոկտ․ Արչամբոն էլ խոսեց ԳԿԻՄ Ֆրանսիայի գործունեության մասին։

Համաժողովի ավարտին Արմինե Աբրահամյանը, Անդրեաս Մելիքյանը եւ GIZ-ի խորհրդական Սիրանուշ Գալստյանը մասնակցության կամ առաջին կարգի հավաստագրեր հանձնեցին վերապատրաստման ծրագրերի մասնակիցներին, որոնք ակադեմիական շրջանակների, պետական կառավարման համակարգի եւ արտադրության ներկայացուցիչներ են։

ԳԿԻՄ հայաստանյան ծրագրի ջանքերով այժմ Հայաստանի գենետիկական կենսաբազմազանությունը բավականին լայնորեն արտացոլված է http://www.gbif.org/ միջազգային հարթակում։ Այն ապահովում է ճշգրիտ տվյալների հասանելությունը, որի շնորհիվ գիտնականներին տալիս է հղման գործակից, բարձրացնում քաղաքական որոշումների արդյունավետությունը։