Հոկտեմբերի 25-ին Ագրիթեք ինկուբատորի լսարանում տեղի ունեցավ Հայաստանի գյուղական տարածքների կայուն զարգացման քաղաքականության մշակմանը նվիրված միջոցառում։ Ներկայացվեցին եւ քննարկվեցին Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ իրականացված հետազոտության արդյունքները, որոնք ամրագրված են «Գյուղականության ճգնաժամը Հայաստանում» վերտառությամբ գրքում։ Հեղինակները ԵՊՀ-ի եւ ՀԱԱՀ-ի մասնագետներն են։ Քննարկումը վարում էր ՀԱԱՀ բնապահպանական կրթական ծրագրերի խորհրդատու, գրքի համահեղինակ Էմիլ Գեւորգյանը։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին, ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամին՝ հետազոտությունը երկու համալսարաններին պատվիրակելու համար։ Նա հետազոտությունը բնութագրեց որպես ներկայացուցչական տվյալների հիման վրա արված կարեւոր աշխատանք, որն ահհրաժեշտ է շահակիցների լայն հանրությանը՝ ֆերմերից մինչեւ քաղաքականություն մշակողները։
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Բադալյանը գոհունակությամբ նշեց համալսարանական հաճելի միջավայրում գյուղի եւ գյուղատնտեսության կարեւոր հարցերի քննարկումն անցկացնելու փաստը եւ ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը։
Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Մարկոսյանը նույնպես արժեւորեց հետազոտությունը, դրա արդյունքների տարածումը եւ հիմնադրամի ու երկու համալսարանների արդյունավետ գործակցությունը։
«Գյուղականության ճգնաժամը Հայաստանում» հետազոտության արդյունքները ներկայացրեցին Տաթեւիկ Սողոմոնյանը, Լուսինե Մաթեւոսյանը եւ Անժելա Մկրտչյանը։
Հարցուպատասխանի ընթացքում դոցենտ Մարինե Մարկոսյանն անդրադարձավ ընտրանքային հետազոտության հիմնական արդյունքներին։ Մեր երկրի բնակչության մեկ երրորդը կազմող գյուղաբնակների հիմնական խնդիրներն առնչվում են հողային եւ ջրային ռեսուրսների սակավությանը, ենթակառուցվածքների, հատկապես ճանապարհների վատթար վիճակին, խորհրդատվական ծառայությունների անհասանելիությանը, գործազրկությանը, սոցիալական անպաշտպանվածությանը։ Այնուամենայնիվ, հարցվողների գերակշիռ մեծամասնությունը իր կյանքն ու բարեկցիկ ապագան շարունակում է կապել գյուղի հետ։
Այնուհետեւ տեղի ունեցավ ՀՀ գյուղական տարածքների կայուն զարգացման քաղաքականության մշակմանը նվիրված կլոր սեղան-քննարկում, որը վարում էր Էմիլ Գեւորգյանը։ Գյուղատնտեսության բնագավառում գործ ծավալող սուբյեկտներին ինչպես դարձնել շուկայական հարաբերությունների լիիրավ մասնակից․ սա էր քննարկման առանցքը։ Առաջարկվող լուծումները մեկ համալիրում ընդհանրացնելով՝ պարզ է դառնում օրենսդրական բացի լրացման, փորձագիտական հանրության կարծիքները քաղաքականություն մշակողներին հասցնելու, գյուղատնտեսական ձեռնարկչության այս կամ այն իրավակազմակերպական ձեւի շրջանակում մարդկանց փոխվստահության, ինչպես եւ պետության նկատմամբ վստահության ճգնաժամի հաղթահարման, սոցիալ-մշակութային բարվոք միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը։
Այս առումով առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է, ինչպես նշեց Էմիլ Գեւորգյանը՝ նախեւառաջ հասկանալ գյուղը, որից հետո փորձել հասկացածը տեղ՝ որոշում կայացնողներին հասցնել։ Այս առումով, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի, ԵՊՀ-ի եւ ՀԱԱՀ-ի գործակցությամբ իրականացված հետազոտությունը բավականին արդյունավետ քայլ է։