Կան մարդիկ, որոնք նվիրումով-սիրով են աշխատում, չնայած դժվարություններին: Տրամադրությունից անկախ: Պարզապես՝ անանձնական նվիրումով: Այդ սակավներից է Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի ասիստենտ Բելլա Գրիգորյանը:
Դուալ կրթության շրջանակում քոլեջի ուսանողների փորձուսուցման դասերին անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Նրանք ուսումնական տարվա ընթացքում դաշտային աշխատանքների շնորհիվ ամրակայել են լսարանում ստացած տեսական գիտելիքի պաշարները:
Օրերս Խմորման արտադրություն, գինեգործություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները վերը հիշյալ ամբիոնի դոցենտ Արտեմ Օհանյանի եւ Բելլա Գրիգորյանի հետ այցելել են Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի կոլեկցիոն այգի:
Այստեղ պետք է հատուկ շեշտենք ու շնորհակալություն հայտնենք հիմնադրամի նախագահ, դոցենտ Զառա Մուրադյանին, որը սիրահոժար բացել էր յուրահատուկ, իսկապես սերուցքային այգու հնարավորությունները երիտասարդների համար:
Ուսանողները տեղում տեսել-ուսումնասիրել են այգու բուսաճային (վեգետացիոն) շրջանի 2-րդ փուլը, բնորոշ գործընթացների ականատեսն են եղել, մասնակցել են այս փուլի թերեւս ամենակարեւոր աշխատանքներին՝ կանաչ հատումներ, նաեւ պատվաստման գործողություններ:
Ասել, թե ուսանողները խանդավառված ու ոգեշնչված են վերադարձել՝ քիչ է: Նրանք սեփական ձեռքերով, աշխատանքով բարիք կերտելու՝ արարումի մասնակիցն են դարձել: Բնականաբար, օրն ամփոփել են հոգեւոր-մշակութային ձեռնարկով՝ այցելել են Սուրբ Գայանե եկեղեցի:
Հ.Գ. Համեստագույն տիկին Գրիգորյանը պատմեց, թե ուսանողներից մեկը վերջերս վերականգնել է իր պապիկի անմշակ դարձած այգին. «Սա երեւի դասախոսների ամենամեծ գնահատականն է»: