Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում մարտի 21-ից մինչև 25-ը ՀԱԱՀ-ի տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը և միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանը այցելեցին Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիակական ինստիտուտ (ԲՊԻ), որտեղ պետք է մասնակցեին միջազգային շաբաթին։ Միջազգային շաբաթին մասնակցում էին նաև տարբեր երկրների բուհերի ներկայացուցիչներ։
Այցի առաջին օրը տեղի ունեցավ բացման նիստ, որտեղ Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտի նախագահ Լուիս Պաիսը ներկայացրեց կրկնակի դիպլոմների միջազգային հարթակը, միջազգային կրեդիտային շարժունության արդյունքներն ու նոր մարտահրավերները։ Շաբաթվա ընթացքում ներկայացվեցին նաև նյութեր Բոլոնիայի գործընթացի և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի վերաբերյալ, եղան զեկույցներ՝ բարձրագույն կրթության արդիականացման, եվրոպական բուհերում կրթության և ուսուցման որակի բարելավման թեմաներով։ Ներկայացվեց բարձրագույն կրթության արդիականացման հաշվետվությունը, կրթության և ուսուցման նոր եղանակները բուհում։ Այնուհետև միջազգային բաժնի աշխատակից Ֆիլիպ Ռոդրիգեսը ներկայացրեց շնորհանդես Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտի վերաբերյալ, որից պարզ դարձավ, որ այնտեղ, ի թիվս այլ մասնագիտությունների, հնարավոր է ձեռք բերել նաև ՀԱԱՀ-ին առնչվող գյուղատնտեսության, անասնաբուծության, շրջակա միջավայրի, սննդի ոլորտի ճարտարագետների, անասնաբուժի, ագրոէկոլոգի, կառավարիչի, գինեգործի և ֆինանսիստի մասնագիտություններ։ Այնուհետև գործընկեր երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան և Ալբանիա) մասնակիցները հերթով ներկայացրեցին իրենց համալսարանները։ ՀԱԱՀ ներկայացուցիչներ Հ․ Զաքոյանը և Զ․ Պողոսյանը ներկայացրեցին ՀԱԱՀ-ի տեսլականը, կառուցվածքային փոփոխությունները, նոր ծրագրերը, ինչպես նաև ներգնա ու արտագնա ուսանողների, աշխատակիցների ընտրության և շարժունության կազմակերպման, կարողությունների զարգացման նոր ծրագրի մշակման հետ կապված հարցերը։ Բրագանսայի պոլիտեխնիական ինստիտուտի աշխատակիցները շատ բարձր գնահատեցին ներկայացված շնորհանդեսը և ցանկություն հայտնեցին ամրապնդել համագործակցությունը՝ շարժունությունը ակտիվացնելու նպատակով դասախոսների և ուսանողների համար լրացուցիչ տեղեր հատկացնելով։ Քննարկվեցին նաև երկու բուհերի միջև համագործակցության հեռանկարները և այն ոլորտները, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում երկու բուհերի համար։
Այցելության ընթացքում իրականացվեց շրջայց համալսարանում, որի ընթացքում միջազգային շաբաթի ներկայացուցիչները ծանոթացան ԲՊԻ-ի ենթակառուցվածքներին և ուսումնական ու հետազոտական նպատակներով դրանց օգտագործմանը։ Ներկայացվեցին նաև հետազոտական աշխատանքներ ԲՊԻ-ի ինստիտուտի ասպիրանտ հետազոտողների կողմից։
Ուշադրության է արժանի այն փաստը, որ ԲՊԻ-ի ինստիտուտում ավելի շատ պրակտիկ դասեր են իրականացվում, քանի որ շեշտը դրված է ուսանողների պրակտիկ հմտությունները զարգացնելու վրա, ինչպես նաև այն, որ իրենք կողմնակից են թեմաներն ավելի կարճ և բովանդակ ներկայացնելուն։ Բակալավրի կրթության տևողությունը 3 տարի է և յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում դասավանդվում է 6 կրեդիտով 5 առարկա։
Ընդհանուր առմամբ վերապատրաստման շաբաթը շատ հագեցած էր և արդյունավետ։ ՀԱԱՀ-ի ներկայացուցիչների այցով ամրապնդվեց բուհերի միջև համագործակցությունը և սկիզբ դրվեց նոր, առավել արդյունավետ համագործակցության։