Շիրակի մասնաճյուղում բացված հողի անալիզի լաբորատորիան ծառայելու է ամբողջ մարզին

Մարտի 25-ին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի եւ Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանի մասնակցությամբ, ՀԱԱՀ-ի Շիրակի ակադեմիկոս Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ մասնաճյուղում բացվեց հողի անալիզի ուսումնական լաբորատորիա։ Ագրարային համալսարանի հերթական նորարարական ենթակառույցը իրականություն է դարձել ԵՄ-ից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնություն Հայաստանում (EU GAIA) նախագծի շրջանակում։

Լաբորատորիան առանձնանում է սարքավորումների արդիականությամբ, կատարվող լաբորատոր փորձաքննությունների լայն ընդգրկմամբ եւ ճշգրտությամբ։

Բացման արարողությանը ներկա ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը լաբորատորիայի բացումը կարեւոր համարեց երկու առումով՝ քոլեջում կրթության որակի բարձրացման եւ մասնավոր ոլորտի հետ գործակցության միջոցով մարզի ֆերմերներին եւ այլ շահակիցներին խիստ կարեւոր ծառայությունների մատուցման։ Նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով գործընկեր կազմակերպություններին, տեղեկացրել է, որ Կառավարությունը գործուն քայլեր է իրականացնում գյուղատնտեսական քոլեջների վերակառուցման ուղղությամբ։

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նախեւառաջ շնորհավորեց մասնաճյուղի ուսանողներին, որոնց համար ստեղծվում է նպաստավոր ուսանողակենտրոն միջավայր (մինչ այդ քոլեջում բացվել են Կաթի վերամշակման ուսումնական արտադրամասը եւ Գիտելիքի նորարարական հաբը)։ Նա ջերմորեն ողջունեց մարզի ֆերմերային եւ մասնագիտական հանրության ներկայացուցիչներին եւ նշեց, որ լաբորատորիան իր ուրույն դերը կունենա առհասարակ մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման տեսակետից։

EU-GAIA նախագծի ղեկավար Պասկալ Բոկերսը, շնորհավորելով քոլեջի ուսանողներին ու մարզի ֆերմերներին, տեղեկացրեց, որ նախագծի աջակցությամբ առաջիկայում համանման լաբորատորիաներ կբացվեն նաեւ Վանաձորում եւ Նոյեմբերյանում։ Փոխմարզպետ Այվազյանը շնորհակալություն հայտնեց հովանավորներին եւ Ագրարային համալսարանին՝ մարզում նման առաջնակարգ լաբորատորիա հիմնելու համար։

Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը եւ լաբորատորիայի պատասխանատու Սիրանուշ Աստոյանն ըստ արժանվույն են գնահատում նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիայի դերը ոչ միայն քոլեջի, այլ ամբողջ մարզի համար։ Ըստ մեր մասնագետների, հողի, ինչպես նաեւ ջրի եւ բույսի վերաբերյալ հավաքված ճշգրիտ եւ համապարփակ տվյալները մասնագետների ու ֆերմերների համար արտադրական արդյունավետ որոշումներ կայացնելու հիմք կհանդիսանան։ Այս առումով լաբորատորիան եզակի է մարզում։

Պատահական չէ, որ մարզի տարբեր համայնքներից եկած ֆերմերները ուսանողներից ոչ պակաս ոգեւորությամբ ընդունեցին լաբորատորիայի բացման փաստը։

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, փոխմարզպետի եւ ռեկտորի ուղեկցությամբ, շրջեց քոլեջում, ծանոթացավ կաթի վերամշակման ուսումնական արտադրամասի եւ գիտելիքի հաբի աշխատանքներին։