Ռեկտորատի նոյեմբերյան նիստը. առաջընթաց կարգապահության հարցում եւ ոչ միայն

Ռեկտորատի այսօրվա՝ նոյեմբերի 12-ի նիստը քննության առավ 2021-2022 ուստարվա ուսման վարձավճարների զեղչերի, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ուսանողների հաճախումների եւ Հեռակա ուսուցման դեպարտամենտում ընդունելության արդյունքների մասին հիմնական հարցերը, ինչպես նաեւ ընթացիկ հարցեր:

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նիստը սկսեց համալսարանում շարք մտած ավելի քան 25 լաբորատորիաների աշխատանքների ակտիվացման հանձնարարականով; Ստեղծված նորարարական կառույցներն առայժմ օգտագործվում են հիմնականում ուսումնական գործընթացում, մինչդեռ անհրաժեշտ է էապես ընդլայնել եւ արագացնել դրանց միջոցով ծառայություններ մատուցելու բաղադրիչը:

Օրակարգի հիմնական հարցերի վերաբերյալ զեկուցող դեկանները ներկայացրեցին վարձավճարի զեղչերի համար դիմած եւ զեղչեր ստացած ուսանողների թիվը, դիմումների բավարարման հիմքերը: Բացի այդ, ռեկտոր Ուռուտյանը տեղեկացրեց, որ համալսարանի աջակցության հիմնադրամի հատուկ հաշվին բարերարների ակնկալվող նվիրատվությունների շնորհիվ հնարավոր կլինի էական զեղչեր անել Արցախյան պատերազմի հաշմանդամների համար:

Հաճախումների խնդիրը, ինչպես պարզվեց զեկուցումներից եւ քննարկումից, ակնհայտորեն «թեթեւացել է», մասնավորապես 50 տոկոս եւ ավելի բացակայություններ ունեցող ուսանողների թիվն է պակասել: Առհասարակ կարգապահական միջոցառումները, այդ թվում տեղերում իրականացվող բացատրական աշխատանքները, սկսել են տալ իրենց պտուղը:

Արձանագրվեց նաեւ, որ պարտքերի (թե կրեդիտային եւ թե ֆինանսական) մարումը բնականոն հունի մեջ է: Այս առումով նույնպես առաջընթաց կա նախորդ ուսումնական տարիների համեմատությամբ, սակայն ռեկտորը հիշեցրեց, որ ֆինանսական կարգապահությունը շարունակում է մեր առաջնահերթ խնդիրներից մեկը մնալ: Ուսման վարձավճարների մուծման ժամկետները վճարման բոլոր երեք՝ ամսական, կիսամյակային եւ տարեկան, տարբերակների դեպքում (որ տարբերակն էլ ուսանողը ընտրելիս լինի), հստակ ամրագրելու ռեկտորի առաջարկը հավանության արժանացավ:

Ընթացիկ հարցերի շրջանակում քննարկվեցին ուսումնական պլանների բովանդակության հիմնավորման հարցը, քոլեջից բակալավրիատ անցումից հետո կրկնվող դասընթացների դեպքում վարձավճարի նվազեցման՝ բավականին նուրբ խնդիրը, Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, մելիորացիայի եւ ագրոքիմիայի գիտական կենտրոնի արտադրած բարձրորակ ցորենի վաճառքին աջակցության հարցը, նոյեմբերի 15-ից առկա ուսուցման անցնելու առնչությամբ կորոնավիրուսային իրավիճակի սթափ գնահատման եւ համապատասխան միջոցառումների իրականացման եւ այլ հարցեր: