Գարեջրագործություն եւ ավելին. գործակցության պայմանագիր Բիցեր Ռիվեր ՍՊԸ-ի հետ

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Բիցեր Ռիվեր ՍՊԸ տնօրեն Գագիկ Դանիելյանը ստորագրեցին պայմանագիր այս ընկերությունում ՀԱԱՀ ուսանողների փորձուսուցում անցկացնելու վերաբերյալ: Սակայն մեր նոր գործընկերների հետ ծավալված խոսակցությունն ու պայմանավորվածությունները վերաբերում էին գործակցության շատ ավելի լայն շրջանակի, որն ուրվագծվեց ռեկտոր Ուռուտյանի, պարոն Դանիելյանի, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի եւ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի պատասխանատուների միջեւ:

Շուկայում առանձնահատուկ խորշ զբաղեցնող գարեջրի Դառգետ ապրանքանիշին լավատեղյակ են գարեջրասերները, ներառյալ Ագրարային համալսարանի համադամասեր մասնագետները: Ընկերությունում բիզնեսի զարգացման յուրահատուկ արդիական մոտեցումները լավագույնս ներդաշնակում են Ագրարային համալսարանի նորացված կրթական ծրագրերի նպատակային ուղղվածությանն ու դուալ կրթության քաղաքականությանը:  Ռեկտոր Ուռուտյանը, արտահայտելով իր գոհունակությունը գործընկերության հաստատման առթիվ, հիշատակեց աշխատանքային կիսամյակի նորարարական գաղափարի մասին, որը պատրաստակամորեն ընդունեցին  ընկերության ներկայացուցիչները:

Համալսարանի միկրոգարեջրագործության եւ հացի-հրուշակեղենի արտադրամասերի՝ արդեն վերակառուցված-վերանորոգված շինություններում շրջելիս, որտեղ արդեն տեղադրվում են համապատասխան սարքավորումները, Գագիկ Դանիելյանը չթաքցրեց ոչ իր ոգեւորությունը համագործակցության հեռանկարների առումով եւ ոչ էլ լուրջ ակնկալիքները մեր համալսարանի ուսանողներից եւ շրջանավարտներից:

«Մանավանդ նոր արտադրատեսակների մշակման եւ համատեղ հետազոտությունների իրականացման ուղղությամբ ես ակնկալում եմ համալսարանի եւ ձեր կադրերի էական ներդրումը»,- ասաց Բիցեր Ռիվեր ընկերության տնօրենը: Ենթադրում ենք, որ այն բարձր նշաձողի հարցում, որ սահմանել է ընկերությունը մեր պատրաստած կադրերի հարցում, որոշակիորեն «մեղավոր» է նաեւ ՀԱԱՀ-ի 2012թ. շրջանավարտ Գեւորգը՝ ընկերության  առաջատար մասնագետներից մեկը, որն այսօր ընկերության պատվիրակության կազմում էր:

Ավանդույթը չխախտելով, պարոն Ուռուտյանը հրաժեշտից առաջ պարոն Դանիելլյանին նվիրեց Ագրարայինի «Սերունդ» գինին եւ մեր մասնագետների հեղինակած գործնական ուսումնական ձեռնարկներ: