Երեկ՝ հուլիսի 6-ին Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամում մեկնարկել է «Ժամանակակից սննդագիտություն եւ սննդամթերքի անվտանգության համակարգեր» թեմայով 4-օրյա դասընթացը: Ունկնդիրներն ընտրվել են մրցութային հիմունքներով եւ հիմնականում ՀԱԱՀ-ի ուսանողներ են: Կան նաեւ ուսանողներ այլ բուհերից, ինչպես նաեւ ոլորտում գործող մասնագետներ եւ թեմայով հետաքրքրվածներ:
ICARE հիմնադրամը դասընթացն իրականացնում է ԱԳՐԻ ՔԵՄՓ նախագծի շրջանակում՝ հիմնադրամի եւ համալսարանի վաղեմի գործընկեր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ:
Սննդամթերքի անվտանգությունն, անշուշտ, սկսվում է անվտանգ, օգտակար բնամթերքից, սակայն դասընթացի մասնակիցները սովորում են նաեւ սննդամթերքի անվտանգ պատրաստումը: Երկու դեպքում էլ նրանց օգնում են ոլորտի հայտնի պրոֆեսիոնալներ Սերգեյ Չախմախչյանը եւ Դավիթ Պիպոյանը:
Առաջին օրվա տեսական դասընթացը ներառում էր սննդով պայմանավորված ռիսկերն ու անվտանգության համակարգերը եւ սննդագիտության հիմունքները: Գործնական մասում ուսանողները դասընթացավարների ղեկավարությամբ կատարեցին ձվի սպիտակուցի բնափոխում, ստացան կաթնային մակարդ, հարած սերուցք, շաքարներ հայտնաբերեցին եւ պատրաստեցիօն պիցա ու ջերկի: Այս բոլոր գործողությունները նրանք սովորեցին կատարել՝ հաշվի առնելով անվտանգությունը:
Սննդագիտության եւ սննդի անվտանգության բնագավառում առկա է թե մասնագետների եւ թե առհասարակ լայն հանրության շրջանում գիտելիքների լուրջ պակաս: Միջազգայնորեն մրցունակ գիտելիքի եւ փորձի տարածման առումով դասընթացավարները շատ կարեւոր են համարում այս դասընթացը ոչ միայն Ագրարայինի ուսանողների, այլեւ այլոց համար:
Այսօր ունկնդիրները կյուրացնեն սննդանյութերի տեսակներն ու նշանակությունը, սննդային եւ էներգետիկ արժեքի հաշվարկների սկզբունքները: