Մայիսի 19-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին գլխավոր մասնաշենքի ընթերցասրահում: Հուշագիրը, որի ստորագրման նախաձեռնությունը Տեսչական մարմնինն էր, նախատեսում է փոխգործակցության լայն շրջանակ՝ գիտագործնական, գիտելիքի, փորձի, հմտությունների փոխանակման, մասնագիտական հանձնաժողովների ստեղծման, սարքավորումների, լաբորատոր միջոցների օգտագործման, ՀԱԱՀ-ի ուսանողների ուսումնական, արտադրական, նախաավարտական, գիտաարտադրական փարձուսուցումների անցկացման եւ այլ ուղղություններով։
Գնահատելով Տեսչական մարմնի գործունեության ընթացքում կուտակված փորձն ու կարողությունները, ինչպես նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի գիտական ներուժը, փոխգործակցությունը կնպաստի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառման, մասնագիտական փորձի ձեռք բերման, հմտությունների զարգացմանն ու աշխատաշուկան որակյալ կադրերով համալրելու գործընթացին:
Պարոն Մարտիրոսյանը եւ պարոն Ուռուտյանը հուշագիրը մասնավորապես կարեւոր համարեցին փոխադարձ վերապատրաստումների իրականացման, Տեսչական մարմնի աշխատակազմը երիտասարդ կադրերով համալրելու, Տեսչական մարմնի փորձառու մասնագետների ուժերը Համալսարանի մշտապես նորացվող ուսումնական պլանների կազմման գործում օգտագործելու առումով:
Հանդիպմանը ներկա էին ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, Կենսաբազմազանության վերահսկողության վարչության պետ Գեղամ Խաչատրյանը, Բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Միքայել Սանթրոսյանը, ինչպես նաև Ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Հասմիկ Խուրշուդյանը, նույն ամբիոնի դասախոս Հրանտ Խաչատրյանն ու Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը:
Գործընկերները բարձր գնահատեցին երկուստեք կարեւոր գործակցության այս հնարավորությունը: Մեր մասնագետները գոհունակություն հայտնեցին նաեւ առհասարակ համալսարանի գործընկերային ցանցի անընդհատ քանակական ու որակական ընդլայնման առումով:
Հանդիպման վերջում ՀԱԱՀ ռեկտորը պարոն Մարտիրոսյանին նվիրեց համալսարանի «Սերունդ» գինին եւ «Ֆերմեր» ձեռնարկը: