Անցած տարվա աղետալի իրավիճակը կաթվածահար արեց ուսումնական, արտադրական և գիտաարտադրական փորձուսուցումների անցկացման ընթացքը, որն ուղեկցվեց գործարաններում ուսանողների այցելությունների հարկադրական սահմանափակումներով։
«Սառույցը հալվեց» 2021թ․-ի հունվարի 29-ին, երբ ՀԱԱՀ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանի նախաձեռնությամբ հերթական անգամ մի խումբ մագիստրանտներ եւ տարբեր մասնագիտությունների ավարտական կուրսերի մի խումբ ուսանողներ առիթ ունեցան գիտաարտադրական ու նախաավարտական փորձուսուցումների շրջանակում այցելել «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Անի Կիրակոսյանը: Հատկանշական է, որ ընկերությունում հյուրերին անձամբ դիմավորեց գործադիր տնօրեն, ՀՀ պահածոյագործների եւ հյութարտադրողների միության նախագահ Երվանդ Թարվերդյանը։
«Ուսանողների համար չափազանց ուսուցողական էր անմիջապես գործարարի շուրթերից լսել, թե ինչպես է տեղի ունենում արտադրության գործընթացը, ինչ հետեւանքներ է թողել պատերազմը տնտեսության վրա, ինչպես բիզնեսում հասնել հաջողության, որն է լինելու երիտասարդ սերնդի նշանաբանը եւ ինչ պետք է անեն ուսանողները մեր հայրենիքի տնտեսության զարգացման ու հզորացման գործում», – պատմում է պարոն Ալեքսանյանը։
Այցելության ընթացքում ուսանողներն առիթ ունեցան բազմաթիվ մասնագիտական հարցեր ուղղելու փորձառու տնտեսավարողին եւ սպառիչ պատասխաններ ստանալու, համտեսելու արտադրանքը եւ, իհարկե այցելելու արտադրամաս ու լաբորատորիա։ Այցելության պահին արտադրամասում շշալցվում էին «Արարատ» ապրանքանիշով հյութերը, որոնք լայն սպառում ունեն ինչպես մեր երկրում, այնպես էլ՝ արտերկրում։ Գործարանում արտադրվում են պահածոների լայն տեսականի, հյութեր, թեյեր եւ այլն։ Մեր համալսարանում մեկը մյուսի հետեւից շարք մտնող ժամանակակից լաբորատորիաներից փոքր-ինչ «շփացած» ուսանողներին, այնուամենայնիվ, տպավորեց «Արարատ կոմբինատի»՝ նորագույն սարքավորումներով հագեցած գերժամանակակից լաբորատորիան։
Տնօրենի խոսքով, արտադրամասերում եւ լաբորատորիայում ՀԱԱՀ ուսանողների գործնական ուսուցումը շատ կարեւոր է, քանի որ Ագրարային համալսարանի կողմից որակյալ կադրերի թողարկումը կարեւորագույն նախադրյալ է հայրենական տնտեսության զարգացման եւ պարենային անվտանգության ապահովման համատեքստում։
Շուրջ 3 ժամ տեւած հանդիպման ավարտին Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց Երվանդ Թարվերդյանին ոչ միայն հագեցած ու արդյունավետ օրվա համար, այլ նաեւ այն բանի համար, որ նա մեր համալսարանի լավ բարեկամն է եւ տարիներ շարունակ հնարավորություններ ու պայմաններ է ստեղծում ՀԱԱՀ տնտեսագիտական մասնագիտությունների ուսանողների ու մագիստրանտների փորձուսուցման անցկացման համար։ Պարոն Թարվերդյանը նաեւ առաջիններից մեկն է դրականորեն արձագանքել ՀԱԱՀ-ի նոր ուսումնական պլաններով նախատեսված աշխատանքային կիսամյակի նորարարական գաղափարին։