Երբ ՀԱԱՀ նորարարական ջերմատանը հասունացավ վարունգի առաջին բերքը, դրա հասցեատերը դարձավ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը: Ջերմատան պատասխանատուների եւ ուսանողների միահամուռ կարծիքով, արդիական տեխնոլոգիաներով աճեցված առողջ բերքը, բնականաբար որպես նվիրատվություն, կենտրոնում բուժվող մեր հերոսներից ավելի արժանավոր հասցեատեր դժվար է պատկերացնել:
Վարունգի բերքահավաքը շարունակվում է, եւ սկսել է հասունանալ նաեւ լոլիկը: Ջերմատան գլխավոր խորհրդատու, ՀԱԱՀ դասախոս Արամ Ասատրյանի եւ գլխավոր ագրոնոմ, ՀԱԱՀ դասախոս Նաիրա Գասպարյանի ղեկավարությամբ ուսանողներն աճեցնում են լոլիկի տարբեր հիբրիդներ, ըստ էության՝ հավասար հաջողությամբ:
«Ջերմատունը դարձել է մեր սիրելի վայրը բույսերի հետ աշխատելու, սովորելու եւ գործնական մասնագիտական փորձ ձեռք բերելու համար: Ավելին, այստեղ տիկին Գասպարյանի եւ պարոն Ասատրյանի ղեկավարությամբ մեր հաճելի ու կարեւոր աշխատանքը թույլ է տալիս նաեւ կայացնել մեզ համար կարեւոր որոշումներ՝ հետագա մասնագիտական կարիերայի վերաբերյալ», – ասում է Պաշտպանված գրունտի տեխնոլոգիա մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողուհի Աննա Պետրոսյանը:
Աննայի համակուրսեցի Գոռ Բաղրամյանն էլ նշում է, որ ջերմատան շահագործումը որոշակի փոփոխություններ է մտցրել ուսանողների առօրյայում. նրանք գալիս են այստեղ ըստ անհրաժեշտության՝ հետեւելու հիդրոպոնիկ եղանակով աճեցվող բանջարեղենի եւ վարդերի աճեցողությանը, միկրոկլիմային, վերահսկելու վնասատուների եւ հիվանդությունների զարգացումը, սովորելու դրանց դեմ պայքարի միջոցներն ու մեթոդները եւ կիրառելու սովորածը:
«Անշուշտ, համավարակի պատճառով սահմանափակ թվով ուսանողներ կարող են միաժամանակ գտնվել ջերմատանը, բայց մենք փորձում ենք ճկուն ժամանակացույց կիրառել ուսանողների՝ ջերմատանը գտնվելու եւ այնտեղ աշխատելու «պահանջարկը» հնարավորինս բավարարելու համար», – Նաիրա Գասպարյանն է ասում:
Ջերմատունը միայն Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողներին չէ, որ ծառայում է. այստեղ ցանկալի ու բնական այցելուներ են նաեւ այլ ֆակուլտետների, ինչպես նաեւ ICARE հիմնադրամի «Ջերմատնային մշակաբույսերի արտադրություն եւ կառավարում» տասնամսյա նորարարական դասընթացի ունկնդիրները:
Արամ Ասատրյանի ամեն մի այցը վերածվում է ջերմատան կոնկրետ բաժիններում մշակաբույսերի աճեցման ընթացիկ իրավիճակի մանրակրկիտ մասնագիտական վերլուծության, մասնագիտական ու կազմակերպական խնդիրների պատեհաժամ լուծման հնարավորության:
Առաջիկայում սպասվում է սորտային ու համային լավագույն հատկություններով օժտված, աչք շոյող լոլիկների առաջին բերքահավաքը: Խմբաքանակը դարձյալ տրամադրվելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում վերականգնողական բուժընթաց անցնող հերոսամարտիկներին: Ջերմատան բարիքների համտեսի հնարավորություն կունենան նաեւ ջերմատան կառուցումը ֆինանսավորած ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աշխատակիցները: