Համալսարանի հասակակիցն այսօր էլ շարքում է․ Ստեփան Մարգարյան

Այսօր լրացավ Ագրարային համալսարանի երախատավորներից մեկի՝ Ստեփան Ենոքի Մարգարյանի ծննդյան 90-ամյակը։ Հոբելյանի առթիվ պարոն Մարգարյանին ջերմորեն շնորհավորեցին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, պրոռեկտորներ Ռոբերտ Մակարյանը, Հրաչյա Ծպնեցյանը եւ Հրաչյա Զաքոյանը, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը եւ Աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը։

Առողջության ավանդական մաղթանքի հետ բոլորի ցանկությունն է, որ այսօր էլ երիտասարդական վարակիչ կորովով աշխատող պրոֆեսորը երկար տարիներ շարունակի զբաղվել իր կյանքի գործով՝ գյուղատնտեսական ճարտարագիտությամբ, իր արժեքավոր խորհուրդներով օգնի երիտասարդ գործընկերներին։

Երկարամյա անբասիր աշխատանքի եւ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը պարգեւատրեց ու նվերներ հանձնեց վաստակաշատ գիտնականին։ Նվերների շարքում առանձնահատուկ էին համալսարանի գինեգործարանի արտադրած «Սերունդ» գինիները։ Ռեկտոր Ուռուտյանը մաղթեց, որ բազում երիտասարդների համար գիտության ու արտադրության բնագավառներում մասնագիտական ուղի հարթած վետերանն իր նախանձելի երիտասարդական ավյունով շարունակի աշխատել երկար տարիներ։ «Երիտասարդները սովորելու շատ բան ունեն Ձեզանից», – ասաց պարոն Ուռուտյանը։

Ստեփան Մարգարյանը ծնվել է 1930թ․-ին, Երեւանում։ 1955թ․-ին ավարտելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, աշխատանքի է անցել ինստիտուտի Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում։ 1961թ․-ից տեխնիկական գիտությունների թեկնածու էր, 1971-ից՝ դոկտոր։ 60-70-ական թթ․-ին եղել է Գյուղատնտեսության մեքենայացման եւ էլեկտրիֆիկացման հայկական գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ, ապա՝ գլխավոր տնօրենի տեղակալ։ 1976թ․-ին արժանացել է պրոֆեսորի կոչման։ Եղել է ամբիոնի վարիչ Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում։ 1994թ․-ից ՀՀ գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է։

Պրոֆ․ Մարգարյանը զգալի ներդրում ունի երկրագործական մեխանիկայի զարգացման գործում։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել եւ արտադրությունում ներդրվել են տասնյակից ավելի նոր տեխնոլոգիաներ ու մեքենաներ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս, ներառյալ՝ ԽՍՀՄ-ոմ առաջին բրիկետավորող կոմբայնը, կենսագազային տեղակայանք,  լեռնային մոդիֆիկացիայի կթի ագրեգատ, օրգանական պարարտանյութեր ցրող սարքավորում եւ այլն: Նախագծել է քար, գոմաղբ, թռչնաղբ հավաքող մեքենաներ, գոմաղբի (թռչնաղբի) աերոբ, անաերոբ եւ կենսաբանական մշակման կատարելագործված տեխնոլոգիաներ ու մեքենաներ, տարբեր կերատեսակների մանրացման փոքրաչափ եւ ունիվերսալ մեքենաներ եւ այլն։

Հեղինակ է 450-ից ավելի գիտական աշխատանքների, 17 գրքի, ստացել է ԽՍՀՄ 56 հեղինակային վկայական, ՀՀ 21 արտոնագիր, 4 պատենտ (Ֆրանսիայում, Կանադայում Արեւմտյան Գերմանիայում, Արեւելյան Գերմանիայում)։

Արդեն 65 տարի է, ինչ նա հարազատ բուհում է։ Երջանկություն է, որ միջին ու երիտասարդ սերնդի դասախոսները, գործընկերները, ուսանողները Ստեփան Ենոքի Մարգարյանի նման գիտնականի, մարդու, խորհրդատուի հետ շփվելու, նրանից մշտապես սովորելու հնարավորություն ունեն։ Բոլորիս ցանկությունն է, որ այդ շփումը ձգվի երկար տարիներ։