Էմիլ Գեւորգյանը միացել է ՀԱԱՀ-ի թիմին․ նա կզբաղվի բնապահպանական կրթական ծրագրերի մշակմամբ

Այս ապրիլին Ագրարային համալսարանը կարեւոր համալրում ունեցավ․ Միջազգային միգրացիայի և զարգացման կենտրոնի (CIM, կարդացեք այստեղ) ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել եւ Ագրարային համալսարանի թիմին միացել Բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանը։

Գործակցելով Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի հետ, պարոն Գեւորգյանն աջակցելու է Մարկետինգի եւ զարգացման բաժնին՝ իրականացնելով մի շարք գործառույթներ կրթական նորարարական ձեւաչափերի մշակման եւ ուսումնական ծրագրերի արդիականացման ու դասախոսական անձնակազմի զարգացմանն առնչվող ռազմավարական պլանավորման ուղղություններով։

Որպես «Կանաչ թեմաների դեսպան», Էմիլ Գեւորգյանը մասնավորապես կզբաղվի ՀԱԱՀ-ի ուսումնական պլաններում շրջակա միջավայրի, բնական ռեսուրսների և կլիմայի վերաբերյալ թեմաների ներառմամբ՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային չափորոշիչներին։ Իսկ ուսումնառության նորարարական ձեւաչափերը, որոնք պարոն Գեւորգյանը մտադիր է ներմուծել մեր համալսարանի կրթական գործունեության մեջ, կներառեն ամառային դպրոցներ, հատուկ վերապատրաստումներ, բնապահպանական թեմաներով մոդուլներ։

Էմիլ Գեւորգյանի՝ ՀԱԱՀ-ում որպես խորհրդատու-մասնագետի ներգրավվածությունը միջնորդվել է CIM-ի կողմից՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ, կարդացեք այստեղ) աջակցությամբ։ CIM-ը զարգացման քաղաքականության ոլորտում կադրեր միջնորդող միջազգային հայտնի հաստատություն է։ Հայաստանում CIM-ի մասնագետների միջնորդ և սպասարկող կազմակերպությունը Ագրարային համալսարանի երկարամյա գործընկեր GIZ-ն է:

Ագրարային համալսարանում պարոն Գեւորգյանի գործունեությունը սերտորեն կապված է լինելու GIZ-ի ECOserve (տես այստեղ) նախագծի և հատկապես դրա 4-րդ բաղադրիչի հետ, որի նպատակն է բարելավել տեղեկատվության և կրթության որակը բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտում։

Ողջունում ենք Էմիլ Գեւորգյանի մուտքը Ագրարային համալսարան եւ մաղթում արդյունավետ աշխատանք։ Լիահույս ենք, որ միջազգային բարձր որակավորում ունեցող ուրույն «ձեռագրով» մասնագետն իր զգալի ներդրումը կունենա մեր համալսարանում ընթացող բարեփոխումների գործում։

Մասնագիտական փայլուն կարիերայի սկիզբը Էմիլ Գեւորրգյանը դրել է մեր համալսարանում, Ագրոնոմիական ֆակուտետի շրջանավարտ է, մեր համալսարանի նախկին դասախոս։ Կենսագրական տվյալներին կարելի է ծանոթանալ այստեղ։