«Գառնի Կրիստալլայն» եւ «Գառնի Կոլա» ապրանքանիշերով հայտնի Ռոքարմ ընկերության պատասխանատուների հետ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Կարեն Մինասյանի եւ ֆակուտետի մի շարք աշխատակիցների ու շրջանավարտների հանդիպումը տեղի ունեցավ ՀԱԱՀ-ի գինեդարանում: Հանդիպումը հետապնդում էր կոնրետ նպատակ՝ ընկերությանն անհրաժեշտ են մասնագետներ, որոնք կօգնեն հիմնել մուրաբաների, բանջարեղենի պահածոների եւ կոմպոտների արտադրություն:
«Երբ որոշեցինք հիմնել մրգերի ու բանջարեղենի պահածոների արտադրություն, մասնագետներ գտնելու հարցում մեր բնական ընտրությունը Ագրարային համալսարանն էր: Մեզ համար առաջնայինը արտադրանքի որակն է. կասկած չունենք, որ ձեր համալսարանն ավարտած տեխնոլոգ մասնագետները կկարողանան մեզ օգնել որակյալ արտադրատեսակների թողարկման հարցում, ընդ որում մենք մտադիր ենք 3-4 տարվա ընթացքում դուրս գտալ եվրոպական շուկա», – ասաց ընկերության տնօրեն Դավիթ Գասպարյանը:
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Կարեն Մինասյանը նշեց, որ համալսարանը բաց է եւ պատրաստակամ գործակցության համար: «Մեր շրջանավարտները պատրաստ են իրենց մասնագիտական կարողություններն ու փորձը ներդնել նոր արտադրության կայացման գործում: Մենք պատրաստ ենք ընթացիկ խորհրդատվություն ապահովել տեխնոլոգիական լուծումներից մինչեւ որակյալ արտադրանքի թողարկում եւ շուկայահանում ամբողջ շղթայում», – ասաց պարոն Մինասյանը:
Արդյունավետ հանդիպում եւ առաջիկա անելիքների նախնական քննարկում եղավ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի շրջանավարտներ Վարդան Կարապետյանի, Արգիշտի Քոչարյանի, Ռոզա Հովհաննիյանի, Արամ Վարդանյանի եւ 5-րդ կուրսի ուսանող Ոսկան Ահարոնյանի հետ: Որոշվեց առաջիկայում այցելել ընկերություն եւ տեղում ծանոթանալ արտադրական հնարավորություններին ու «քարտեզագրել» հետագա քայլերը:
Ռոքարմ ընկերության հետ մեկնարկող գործակցության ծիրում կլինի նաեւ ՀԱԱՀ-ի ուսանողների արտադրական փորձուսուցումների կազմակերպումը ընկերությունում:
Տեխնոլոգիականի դեկանն ու դասախոսները ողջունեցին Դավիթ Գասպարյանի նախաձեռնությունը եւ պատրաստակամ են համակողմանի գործակցության մի ընկերության հետ, որի տնօրենն ասում է. «Ինքնըստինքյան հասկանալի է, որ մենք հետապնդում ենք մեր բիզնես շահը, սակայն մեզ համար հստակ է նաեւ, որ Հայաստանի ապագան գյուղատնտեսությունն է. ուստի բիզնես շահից ոչ պակաս կարեւոր է հայկական ապրանքը արժանապատվորեն ներկայացնել դրսում»: