Սուսաննա Պետրոսյանը ծնունդով ջավախքցի է: Իսկ դա նշանակում է ի սկզբանե աշխատասեր, կամային, նպատակասլաց լինել: Մանկավարժ ծնողներն էլ ջանացին, որ ընտանիքի երեք երեխան լավ հասկանան գիտելիքի, կրթության հարգը, արժեքը: Եւ բոլորովին պատահական չէ, որ բոլորն էլ իրենց մասնագիտության-գործի նվիրյալներ դարձան: Հիմա նույն ոգով մեծացնում է իր դուստրերին: Ասում են Լուսինեն արդեն ակնհայտորեն հետեւում է մայրիկի գերազանց օրինակին՝ հետաքրքվում է կենսաբանությամբ:
Անասնաբուժական ֆակուլտետն ավարտելուց հետո Սուսաննան 2009-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ 2004թ.-ից աշխատել է Համաճարակաբանության եւ մակաբուծաբանության ամբիոնում, որպես 1-֊ին կարգի լաբորանտ, այնուհետեւ գիտաշխատող։
2016 թվականից աշխատում է ՌԴ Անասնաբուժության կենտրոնական գիտամեթոդական լաբորատորիայի Տուլայի փորձարարական բաժանմունքի սերոլոգիայի եւ լեպտոսպիրոզի բաժնում, որպես 1-ին կարգի բժիշկ։
Հարցնում եմ. «Ինչպե՞ս ընտրեցիր մասնագիտությունդ»:
-Մանկուց երազել եմ բժիշկ՝ մանկաբույժ դառնալ, բայց ստացվեց այնպես, որ 4-֊րդ հայտով ընդունվեցի անասնաբուժական ֆակուլտետ։ Սկզբից շատ տխուր էի, նույնիսկ ամաչում էի, երբ ինձ հարցնում էին որտեղ ես սովորում։ Ցանկանում էի գործերս տեղափոխել բժշկական, բայց այն տարիներին իմ շատ սիրելի ու հարգելի դեկան Յուրի Աբովյանը (Աստված հոգին լուսավորի), ծնողներիս ամեն անգամ ասում էր. «Լավ աղջիկ է, լավ է սովորում, թող էս կուրսն էլ ավարտի… », ու այդպես նա ինձ պահեց մինչեւ երրո֊րդ կուրս, որի համար շնորհակալ եմ ու երախտապարտ։
Ես արդեն սիրում էի մասնագիտությունս, որովհետեւ շաաատ հետաքրքիր էին անցնում դասերը, օրինակ՝ համեմատական անատոմիան ու ֆիզիոլոգիան հնարավորություն տվեցին ուսումնասիրել տարբեր կենդանիներ։ Հետզհետե ավելանում էին մասնագիտական կլինիկական առարկաները, ու ես տարվեցի իմ մասնագիտությամբ։ Որոշեցի մնալ հարազատ բուհ֊ում։
Անչափ կարեւոր է անասնաբույժի մասնագիտությունը, որովհետեւ եթե բժիշկը բուժում է մարդուն, ապա անասնաբույժը՝ մարդկությանը: Այն ունի ոչ միայն հանրության համար կարեւոր, այլ նաեւ պետության, միջազգային փոխհարաբերությունների համար ռազմավարական նշանակություն։ Եթե պետության ներսում համաճարակային օջախներ կան, այն էլ հատուկ վտանգավոր ինֆեկցիաների, ապա սահմանվում է կարանտին եւ այդ երկրների հետ համագործակցության ոլորտները սահմանափակվում կամ դադարեցվում են։ Այս առումով կարեւոր դեր ունեն սահմանային հսկիչ կետերն ու հետազոտական տարբեր լաբորատորիաները, սննդի անվտանգության տեսչական ծառայությունները, համայնքային անասնաբուժական ծառայությունները, որոնց աշխատանքի շնորհիվ կատարվում է համաճարակային վիճակի գնահատում, օջախների հայտնաբերում, լիկվիդացում եւ կանխարգելում։
Այսինքն, անասնաբույժի աշխատանքը միայն կենդանի բուժելը չէ, այն ավելի լայն աշխատանք է, որը առանց սիրելու ու մասնագիտական նվիրումի հնարավոր չէ իրականացնել։ Իսկ թե որքան բարձր է գնահատվում արտերկրում անասնաբույժի մասնագիտությունն ու հեղինակությունը՝ զգալ ու տեսնել է պետք: Օրինակ՝ Իսրայելում անասնաբույժ ոստիկաններ կան:
- 10/01/2020
- 2020