ԵՄ կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային շարժունության PEERS ծրագրի շրջանակում նոյեմբերի 4–ից մինչեւ 8–ը դասախոսելու եւ Տնտեսագիտության եւ կառավարման դպրոցի կազմակերպած Դասավանդման միջազգային շաբաթին մասնակցելու նպատակով հյուրընկալվել էի Մինհոյի համալսարանում (Պորտուգալիա):
Համալսարանի միջազգային կապերի գրասենյակում ջերմ ընդունելությունից հետո միջազգային շաբաթվա մեկնարկի առիթով բացման եւ ողջույնի խոսքով հանդես եկան Տնտեսագիտության եւ կառավարման դպրոցի եւ Միջազգայնացման աջակցության ծառայության պատասխանատուները։
Առաջին օրը հանդես եմ եկել իմ երկրի եւ բուհի մասին պատմող զեկույցով, ինչպես նաեւ «Աշխատատեղերի ստեղծումը եւ սոցիալական առավելությունները կանաչ տնտեսությունում» թեմայով դասախոսությամբ։ Այնուհետեւ հանդիպումների շարք եմ ունեցել նաեւ Էրազմուս+-ի էկոնոմիկայի գծով համակարգողների եւ համալսարանի պրոֆեսորների հետ: Շարժունության երրորդ օրը մշակութային էր․ կազմակերպվել էին այցելություններ Բրագա քաղաքի տեսարժան վայրեր, որը միջազգայնացման տեսանկյունից պակաս կարեւոր չէր։
Ծրագրի շրջանակում հնարավորություն ունեցա հանդիպելու տարբեր երկրներից ժամանած (Ալբանիա, Չեխիա, Ինդոնեզիա, Ուկրաինա, Պաղեստին եւ այլն) գործընկերների հետ եւ հաղորդակից դարձնելու դասավանդման եւ գիտահետազոտական աշխատանքների իմ լավագույն փորձին, ինչպես նաեւ ներգրավվելու միջազգային ակադեմիական համագործակցության մեջ։ Մասնակցելով այս փոխանակմանը, ես վերստին համոզվեցի, որ կրթությունը գլոբալ բնույթ ունի, եւ մենք բոլորս հնարավորություն ունենք նպաստելու համաշխարհային կրթության առաջընթացին։
Շնորհակալ եմ ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտին, քանի որ այս շարժունության այս ծրագիրը ինձ բացառիկ հնարավորություն ընձեռեց ոչ միայն դասավանդելու նոր միջավայրում, այլեւ փորձի փախանակում իրականացնելու միջազգային գործընկերների հետ, ինչպես նաեւ սովորելու այլ մշակույթներից, որն անգնահատելի փորձառություն էր թե՛ մասնագիտական, թե՛ անձնական մակարդակում։
Ցանկանում եմ հորդորել իմ բոլոր գործընկերներին՝ օգտագործել այս բացառիկ հնարավորությունը, քանի որ այն ոչ միայն ամրապնդում է մեր մասնագիտական կապերը, այլեւ նպաստում է մեր անձնական զարգացմանը՝ ընդլայնելով մեր հորիզոնները եւ մեզ դարձնելով ավելի բաց եւ համագործակցող մասնագետներ։
Մերի Մանուչարյան
Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.