ՈՒԳԸ աշխատանքներ. հողի ջրապարունակության բարելավում

Հողի՝ խոնավության կամ ջրի պահպանումը նվազեցնում է վազի՝ ջրի իրական պահանջարկը եւ թույլ է տալիս ապահովել ջրի առկայությունը առավել անհրաժեշտ ժամանակաշրջաններում։ Այս խնդրի լուծման միջոցներից է մուլչապատումը։

Մուլչապատումը վաղուց հայտնի մեթոդ է, ըստ որի վազի շուրջ հողի մակերեսը ծածկվում է որեւէ շերտով՝ պաշտպանելով արմատները շոգից, ցրտից կամ երաշտից եւ մաքուր է պահում վազը։ Մուլչաշերտերը լինում են օրգանական կամ անօրգանական ծագման։ Անօրգանական ծագման շերտ կարող են հանդիսանալ պլաստիկի կտորներ, քարեր, ապարների ջարդոններ եւ այլն։ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում առաջարկում ենք օրգանական ծագման միջոցներ՝ վազերը մուլչապատելու համար։ Այդպիսի միջոցներ կարող են լինել ծղոտը եւ կոմպոստը։ Այս միջոցները գրեթե անվճար են եւ կարող են հանգեցնել ոռոգման նպատակով օգտագործվող ջրի ծախսերի խնայողության, որն էլ իր հերթին կիջեցնի խաղողի ինքնարժեքը։

Գյուղատնտեսական թափոնները` որպես երկրորդային ռեսուրս

Ոսկեհատի ՈՒՓՏ-ում առաջարկում ենք օրգանական զանգվածի կոմպոստավորում։ Տնտեսությունն ունի 66,15 հա գյուղատնտեսական նշանակության հող, որը բաղկացած է արտադրական տարբեր նշանակության հողատեսքերից՝ բազմամյա տնկարկներ, դաշտային մշակաբույսերի եւ բանջարեղենի արտադրություն։ Կոմպոստավորումը օրգանական զանգվածի՝ օրինակ տերեւներ, պտուղներ, բնափայտ, վերաշրջանառման բնական գործընթաց է, որի միջոցով ստացվում է արժեքավոր պարարտանյութ։ Այն ամենն, ինչն աճում է, ենթակա է քայքայման, իսկ կոմպոստավորումը պարզապես արագացնում է գործընթացը, ապահովելով կատարյալ միջավայր բակտերիաների, սնկերի եւ քայքայվող այլ օրգանիզմների համար։ Տնտեսությունում դեն նետվող աղբի 28 %-ը օրգանական թափոններ են եւ ենթակա են կոմպոստավորման եւ որպես պարարտանյութ կարող են օգտագործվել տնտեսությունում։

Նշված երկու միջոցառումները՝ մուլչապատումը եւ կոմպոստի պատրաստումը, գրեթե չեն պահանջում ծախսեր, սակայն էական ազդեցություն կունենան խաղողի բերքատվության վրա։

Լուսինե Գեւորգյան, ՍԷԿ-3

Գիտ. ղեկավար՝ Լիանա ԽԱՉԱՏՐՅԱՆ