Երեկ՝ հոկտեմբերի 16-ին նշում էինք Պարենի համաշխարհային օրը (1945-ին է մեկնարկել) եւ մեծ դահլիճում հյուրընկալել էինք միջազգային հիշյալ եւ ոչ միայն, կազմակերպությունների ներկայացուցիչների, ագրարային ոլորտի պատասխանատուների, հաջողությունների հասած ագարակատերերի: Այս տարի օրվա խորագիրն էր՝ «Պարենի իրավունք՝ ավելի լավ կյանքի եւ ապագայի համար»: Միջոցառումը վարում էր Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի դասախոս Ծաղկանուշ Միրզոյանը։
Ճեմասրահում ցուցադրված էր ֆերմերային խմբերի ու անհատ ֆերմերների արտադրած գյուղմթերքի բազմազան, բարձրորակ տեսականի, իսկ Մինաս Ավետիսյանի անվան արվեստի դպրոցի սաները նկարում եւ մեկնաբանում էին առողջ սննդի մասին իրենց՝ ազնիվ, մի քիչ էլ միամիտ պատկերացումները:
Այդ շատ կարեւոր օրվա հանդիսությունը մեկնարկեց ՀՀ Էկոնոմիայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանի խոսքով եւ Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի տեսաուղերձով: Աշխարհը կանգնած է սննդային ինքնաբավության խնդիրների հետ կապված մարտահրավերների առջեւ: Խնդիրներ, որոնք կարող ենք լուծել միայն ու միայն համատեղ ջանքերով եւ արարել մի աշխարհ, որտեղ ոչ ոք քաղցած չի լինի:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի փոխտնօրեն Օսկար Էքդալը, կարեւոր համարելով մեր բուհի հետ արդյունավետ համագործակցությունը, ընդգծեց երիտասարդների ակտիվ մասնակցությունը եւ դերը: Նրանք պետք է լինեն շահութաբեր-առողջարար-հարակայուն գյուղատնտեսությունը զարգացնողները:
Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ծրագրերի համակարգող Բոտագոզ Նարտաեւան նույնպես կարեւորեց տեսակով եզակի մեր բուհի հետ համագործակցությունը:
«Ագրոպարենային համակարգի զարգացման միտումները, խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկմանը մասնակցեցին Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գագիկ Թովմասյանը, Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ Արման Հարությունյանը, Ագրարային քաղաքականության եւ տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Աշոտ Ոսկանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերի մշակման վարչության պետ Իռա Փանոսյանը: Հողօգտագործման, ագրոբիզնեսի կառավարման եւ պարենային անվտանգության վերաբերյալ բարձրացված հարցերը շատ կարեւոր էին, լուծումների տարբերակները՝ ակնհայտորեն կենսունակ: Կայացած գիտնականներից, մասնագետներից հետո ապագայի իրենց տեսլականները ներկայացրեցին ուսանողները՝ երեք թիմով, նաեւ՝ դերախաղի միջոցով:
Ամփոփելով աշխատանքները, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը նկատեց, որ 2025-ը հոբելյանական է ե´ւ մեր բուհի, ե´ւ ՄԱԿ-ի այս կարեւոր նախաձեռնության համար եւ ճիշտ մեկ տարի հետո կարող ենք ավելի ընդգրկուն նշել եւ հանրայնացնել՝ մենք աշխարհի բարօրության կերտողներն ենք: