Բարձր կուրսերում ավարտին է մոտենում արտադրական փորձուսուցման հաշվետվությունների պաշտպանության փուլը: Սեպտեմբերի 17-ին ԳՏ-4 կուրսը ամփոփում էր տեսած-յուրացրածը: Կոնյակի «Արարատ» եւ «Նոյ»՝ իրենց մասնաճյուղերով, գինու եւ գարեջրի գործարաններ՝ բոլորը սիրով են ընդունել մեր ուսանողներին, հաստատապես շատ լավ գիտակցելով, որ հենց նրանց շարքերում են իրենց վաղվա աշխատակիցները: Իսկ սա նշանակում է, որ արտադրող ընկերությունները եւս նախանձախնդիր են, որ շրջանավարտները տեսական եւ գործնական անհրաժեշտ եւ բավարար հիմք ունենան: Եւ ամեն կերպ նպաստում են այդ գործին:
Ուսանողները դասախոսի՝ Մերի Վարդանյանի հարցերին պատասխանում են համարձակ-վստահ, ցուցադրական նյութերի ուղեկցությամբ: Իսկ Աննան էլ, իր սովորության համաձայն, մի ամբողջ ֆիլմ էր նկարել, որտեղ հստակ արտացոլված էին գինու արարման բոլոր փուլերը: Ֆակուլտետի դեկանի պարտականությունները կարարող, տ.գ.դ., դոցենտ Սմբատ Դավեյանը անդադար քաջալերում էր ուսանողներին, շահադրդում էր, որ լավ սովորեն, անդադար հարստացնեն իրենց գիտելիքներն ու հմտությունները: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի գտնել տեղը աշխատաշուկայում:
Հաշվետվությունները պաշտպանող բոլոր ուսանողները հրաշալի գործ էին արել՝ խանդավառությամբ ու սիրով: Եւ անկեղծորեն ուզում-մաղթում ենք, որ նման երիտասարդները շուտ կայանան ու հաստատուն քայլեն իրենց երազանքների ճանապարհով: