Վերապատրաստման միջազգային շաբաթ իտալիայի Տուշայի համալսարանում

Էրազմուս+ ծրագրի շրջանակում մայիսի 22-ից 26-ը Տուշայի համալսարանում կազմակերպվող միջազգային վերապատրաստման շաբաթին մասնակցում էին շուրջ հարյուր պատվիրակներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Մակեդոնիայից, Բութանից, Թուրքիայից, Ալբանիայից եւ այլ երկրներից, ընդ որում ամենամեծն ու ներկայացուցչականը ՀԱԱՀ պատվիրակությունն էր։
Ինչպես հաղորդում են ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտից, հանդիպման առաջին օրը նախատեսված էր մասնակից համալսարանների ներկայացումներին։ ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանը ներկայացրել է ՀԱԱՀ-ի կրթական ու գիտական հնարավորությունները, ինչպես նաեւ՝ միջազգային նախկին ու գործող ծրագրերն ու համագործակցության հնարավորությունները։
Մասնակցիներին ողջունել է Տուշայի համալսարանի ռեկտոր Ստեֆանո Ուբերտինին՝ մաղթելով մասնակիցներին բեղուն գործունեություն եւ նշել համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու՝ Տուշայի համալսարանի հետաքրքրվածությունը։
Աշխատանքային հինգ օրերը հագեցած էին էրազմուսյան համագործակցության եւ փոխանակման ծրագրերի վերաբերյալ հետաքրքիր հանդիպումներով, բաց քննարկումներով եւ փորձի փոխանակմամբ։ Իհարկե, ագրարայինցիներն ունեին նաեւ մասնագիտական հետաքրքրություններ։ Կազմակերպվել է հանդիպում Գյուղատնտեսության եւ անտառագիտության ֆակուլտետի անձնակազմի եւ միջազգայնացման հարցերով ռեկտորի հանձնակատարի հետ, ծանոթացել են բակալավրիատի եւ մագիստրատուրայի կրթական ծրագրերին, քննարկվել են ուսանողների փոխանակման հնարավոր տարբերակներ։
ՀԱԱՀ պատվիրակությունն այցելել է Տուշայի համալսարանի ուսումնափորձնական տնտեսություն, մասնակցել ջերմատանը անցկացվող գործնական դասին։ Հանդիպում է տեղի ունեցել Կենսաբանական, ագրոպարենային եւ անտառային համակարգերի նորարարությունների բաժնի անտառային խմբի ղեկավար պրոֆեսոր Աննա Բարբատիի հետ, որի հետ քննարկվել են մագիստրատուրայի ծրագրերի առանձնահատկությունները, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Այցելել են պրոֆեսոր Ռիկարդո Վալենտինիի անտառային նորարարական հետազոտությունների լաբորատորիա։
Շաբաթը հագեցած է եղել նաեւ պատմամշակութային եւ ժամանցային շրջագայություններով։ Տուշայի համալսարանի միջազգային շաբաթվա կազմակերպիչները նախատեսել էին հետաքրքիր այցեր Վիտերբոյի տեսարժան վայրեր, Բոլսենա լիճ եւ հանքային լողավազաններ։
Վերապատրաստման աշխատանքային շաբաթն ավարտվել է հիշարժան ցերեկույթով, որի ընթացքում մասնակիցներին հավաստագրեր են հանձնվել։ Տուշայի ջերմ ու բարեկամ համալսարանը ագրարայինցիներին հրաժեշտ է տվել՝ տարիներ առաջ սկսված համագործակցության շարունակման եւ նոր հանդիպումների սպասումով։