Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հայաստանյան պատվիրակության կազմում գտնվում է Սլովակիայի Հանրապետությունում: Սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը ճանաչողական այցով բարեկամ երկրում գտնվող պատվիրակության կազմում են նաեւ Գյուղատնտեսական հետազոտությունների եւ հավաստագրման կենտրոնի (ԳՀՀԿ) տնօրեն Դավիթ Բաբայանը, կենտրոնի հետազոտությունների բաժնի ղեկավար Գայանե Աթոյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջնային արտադրանքի վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը:
Այցը նախաձեռնել է Դավիթ Բաբայանը, որը ժամանակին՝ Ագրարային համալսարանն ավարտելուց հետո, հետբուհական կրթությունը ստացել է Նիտրայի՝ Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանում (ՍԳՀ): ԳՀՀԿ-ի, ՍԳՀ-ի եւ Սլովակիայի Հանրապետության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման նախարարության համատեղ կազմակերպած այցը ֆինանսավորել է ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU GAIA) նախագիծը՝ Ավստրիական զարգացման գործակալության միջոցով:
Այցի առաջին օրը՝ սեպտեմբերի 30-ին, հայկական պատվիրակությանն ընդունել է ՍԳՀ դեկան Էլենա Հորսկան, որից հետո եղել է հանդիպում համալսարանի ռազմավարական զարգացման գծով պրոռեկտոր Դրահոսլավ Լանչարիչի հետ: Սլովակ գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստորագրել գործակցային հուշագիր, որով կնախատեսվի համագործակցության բավականին լայն տիրույթ:
Ինչպես հաղորդում է ռեկտոր Ուռուտյանը, այցի հիմնական նպատակը բարձրակարգ սերմերի արտադրության, հավաստագրման, պետական աջակցության, մասնագետների վերապատրաստման, ուսուցողական նյութերի եւ գիտական փորձերի թեմաներին առնչվող հարցերի քննարկումն է: Հետագա գործակցությունը կներառի նաեւ դասախոսական կազմի եւ լաբորատորիաների աշխատակազմի վերապատրաստումները, տնկարանային գործի, կենսագազի արտադրության ոլորտում փորձի փոխանակումը եւ այլն: Անշուշտ, ուսումնասիրության եւ հետագա գործակցության հատուկ առարկա կլինի գյուղատնտեսական կրթության արդիականացման փորձի փոխանակումը:
Տպավորիչ էր մեր պատվիրակության այցելությունը ՍԳՀ Ագրոկենսատեխնոլոգիական կենտրոն, որը բաղկացած է 34 լաբորատորիաներից: Այս առումով գործակցության լավ հնարավորություն է ստեղծվում ՀԱԱՀ-ի կենսատեխնոլոգիաների ինկուբատորի համար, որը շատ շուտով կբացի իր դռները:
Առաջիկա օրերին պլանավորված են այցելություններ ու հանդիպումներ նաեւ Սլովակիայի այլ քաղաքներ, որտեղ հայկական պատվիրակությունը հնարավորություն կունենա ծանոթանալու սերմարտադրության տնկարանների, գյուղատնտեսական գիտահետազոտական կառույցների, իսկ մայրաքաղաք Բրատիսլավայում մերոնք կհանդիպեն Սլովակիայի Գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման նախարարության պատասխանատուների հետ: