«Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ծրագրի ղեկավար, ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի Որակի կառավարման բաժնի վարիչ, Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ կիրառական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր Արա Ամիրյանը դեկտեմբերի 7-ից 13-ը գործուղվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մագդեբուրգ քաղաք՝ Օտտո ֆոն Գերիկեի համալսարանի կազմակերպած մեխատրոնիկայի վերաբերյալ աշխատաժողովին մասնակցելու եւ Ֆուլդայի կիրառական գիտությունների համալսարանի մեխատրոնիկայի լաբորատորիաներին ծանոթանալու նպատակով։
Պարոն Ամիրյանն այցելել է Ֆուլդայի ԿԳՀ Էլեկտրատեխնիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ եւ հանդիպել պրոֆ․ դոկտոր Տոբիաս Մյուլերի եւ մեխատրոնիկայի հետազոտական ծրագրի համակարգող Մարիուս Շուլթհայսի հետ։ Վերջինը ծանոթացրել է Ֆուլդայի համալսարանի մեխատրոնիկայի հետազոտական ծրագրի լաբորատորիայում իրականացվող հետազոտական թեմաներին եւ դրանց շրջանակներում կատարված ուսումնասիրություններին, կիրառվող սարքավորումներին, մեխատրոնիկայի դասավանդման լաբորատոր պարապմունքների թեմատիկային։
Գերմանացի գործընկերների հետ քննարկումների ընթացքում պրոֆ․ Ամիրյանը ներկայացրել է ՀԱԱՀ Ագրոբոտ գերազանցության կենտրոն ծրագրի նպատակներն ու խնդիրները, ծրագրի շրջանակում «Ռոբոտոտեխնիկա եւ մեխատրոնիկա» մասնագիտական կրթական ծրագրի մշակման, վերջինի հետ կապված խնդիրները, ծրագրի շրջանակում հնարավոր համագործակցության ուղղությունները։
Դեկտեմբերի 11-13-ը Մագդեբուրգի Օտտո ֆոն Գերիկեի համալսարանում կազմակերպված մեխատրոնիկայի վերաբերյալ աշխատաժողովին մասնակցում էին այդ համալսարանի պրոֆեսորներ Անդրեաս Լինդմանը, Ռոբերտո Լեիդհոլդը, Անդրեաս Շոլցը, միջազգային դեպարտամենտի գիտնականների եւ համագործակցության բաժնի վարիչ Յուլիան Չեպելը, Ֆուլդայի ԿԳՀ մեխատրոնիկայի հետազոտական ծրագրի համակարգող Մարիուս Շուլթհայսը, Գիզենի Յուստուս Լիբիհ համալսարանի մեխատրոնիկայի հետազոտական խմբի ղեկավար Յան Կարպեն։
Աշխատաժողովի ժամանակ պրոֆ․ Ամիրյանը ներկայացրել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, վերջինիս տեսլականն ու առաքելությունը, ֆակուլտետներն ու գիտական կենտրոնները, ծանոթացրել է «Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրո¬նի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի նպատակներին, խնդիրներին եւ ակնկալվող արդյունքներին։ Քննարկվել են ՀԱԱՀ Ագրոբոտ ծրագրի շրջանակում ՄԿԾ-ի մշակման մասնակցության հնարավորությունները՝ ՄԿԾ-ի կրկնակի դիպլոմի շնորհման պահանջները։
Դեկտեմբերի 12-ին պրոֆ․ Ամիրյանն ծանոթացել է Մագդեբուրգի Օտտո ֆոն Գերիկեի համալսարանի էլեկտրատեխնիկայի եւ մեխատրոնիկայի ուսումնական եւ հետազոտական լաբորատորիաներին, սարքավորումներին, դասավանդման մեթոդներին, գիտական հետազոտությունների ոլորտում ուսանողների ներգրավման գործելակերպերին։
- 20/12/2023
- 2023