ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող, նորընտիր ռեկտոր Հրաչյա Զաքոյանը ապրիլի 10-ին ընդունեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին դեսպանության եւ Չեխիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատասխանատուներ, այդ երկրի գարեջրագործության ոլորտի 5 ընկերությունների ներկայացուցիչներ։ Համալսարանի կողմից հանդիպմանը մասնակցում էին Պարենամթերքի վերամշակման ֆակուլտետի աշխատակիցներ։ Նախարարություն ու դեսպանությունն էլ հովանավորել են չեխ գործընկերների ուղեւորությունը Հայաստան։
Ճանաչողական եւ գործակցային կապերի հաստատման նպատակ հետապնդող այցի շրջանակում չեխ գործընկերները նախօրեին եղել էին հայկական գարեջրագործական մի քանի ընկերություններում։ Պլանավորված առաքելության մաս էր կազմում նաեւ ՀԱԱՀ գարեջրագործության եւ խմորման լաբորատորիան։
Ագրարայինում հանդիպումը մեկնարկեց Ագրոտեխնոլոգիաների լսարանում։ Պարոն Զաքոյանը ողջունեց չեխ գործընկերներին, շնորհակալություն հայտնեց գործընկերության զարգացում ենթադրող կարեւոր նախաձեռնության համար, որից հետո ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը հանդես եկավ համալսարանի՝ ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոնի վերափոխման ուղու մասին հաղորդմամբ։
Հայ-չեխական տնտեսական եւ մշակութային հարաբերությունների խորացման՝ վերջին շրջանում նկատելի միտումների համատեքստում զգալի է գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտի, ներառյալ գյուղատնտեսական կրթության եւ գիտության բնագավառում գործակցության ընդլայնման ու դրան նոր որակ հաղորդելու ձգտումը։ Ագրարային համալսարանն առայժմ գործակցում է չեխական մեկ՝ Հարավային Բոհեմիայի համալսարանի հետ:
Դեսպան Պիրունչիկը, ողջունելով ՀԱԱՀ ներկայացուցիչներին, նշեց, որ չեխական կողմը հետաքրքրված է համագործակցության ընդլայնմամբ։ «Չեխիան խիստ արդյունաբերական երկիր է, ընդ որում գյուղատնտեսությունը շատ փոքր, բայց շատ արդյունավետ հատված է զբաղեցնում երկրի տնտեսության մեջ, որը պայմանավորված է գյուղմթերքի արտահանման մեծ մասնաբաժնով։ Բացի Հարավային Բոհեմիայի համալսարանից, ձեր համալսարանն ունի չեխական առնվազն եւս երկու գյուղատնտեսական համալսարանի հետ գործակցության մեծ ներուժ», – ասաց դեսպանը՝ հավելելով, որ թեեւ առաջին անգամն է Ագրարային համալսարանում, բայց Հայաստանում «ամենուր» հաճախ է հանդիպում մեր շրջանավարտներին, որոնք կայացած մասնագետներ են։
Հանդիպումը շարունակվեց Գարեջրագործության եւ խմորման, ապա՝ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլոդագործության լաբորատորիաներում՝ համտեսելով ուսանողների պատրաստած գարեջուրն ու հրուշակեղենը։ Չեխ գործընկերները գայլուկի կոներ նվիրեցին Գարեջրի լաբորատորիային։ Պարոն Զաքոյանն էլ դեսպան Պիրունչիկին նվիրեց ՀԱԱՀ-ի «Սերունդ» ռեզերվ գինի։
ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանության, բարեկամ երկրի գյուղատնտեսության, կրթության ոլորտների եւ մասնավոր հատվածի հետ մեր համալսարանի հետագա համագործակցության հարցում խոստումնալից կապեր հաստատվեցին, իսկ կապող հուսալի օղակներից մեկը կլինի Չեխիայի գյուղատնտեսության նախարարության Առեւտրի եւ միջազգային համագործակցության վարչության պատասխանատու Անի Հակոբյանը։