Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ նախագծի շրջանակում հերթական արցախամետ ձեռնարկումը Սիսիանի մասնաճյուղում էր։ Փետրվարի 12-13-ը մասնաճյուղում կայացած ուսումնախորհրդատվական դասընթացը Արցախից տեղահանված եւ Սիսիանի տարածաշրջանում բնակություն հաստատած մեր հայրենակիցների համար էր եւ վերաբերում էր հացահատիկային եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակությանը, ինչպես եւ խելացի անասնապահությանը: Դասընթացավարները ՀԱԱՀ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Ռուդիկ Նազարյանը եւ ՀԱԱՀ Անասնաբուծության ամբիոնի վարիչ, գ.գ.թ., դոցենտ Տիգրան Չիթչյանն էին:
Դոցենտ Նազարյանը դասընթացի մասնակիցներին ծանոթացրեց հացահատիկային եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության ժամանակակից տեխնոլոգիային, հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի արդյունավետ միջոցներին: Դոցենտ Չիթչյանը դասընթացի մասնակիցներին ծանոթացրեց անասնաբուծության արդի հիմնախնդիրներին, ներկայացրեց խելացի անասնաշենքերի կառուցվածքը, բարձրկաթնատու եւ մսատու ցեղերի առանձնահատկությունները, կենդանիների պահվածքի եւ խնամքի, կերային չափաբաժինների արդի մոտեցումները: Մեր բազմափորձ մասնագետները մեծ պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ կատարեցին մասնագիտական իրենց պարտքը եւ, անշուշտ, պատրաստակամ են անհրաժեշտության դեպքում լրացուցիչ խորհրդատվություն ապահովել Սիսիանում հաստատված արցախցիների համար։
Երկօրյա դասընթացն ունեցավ 35 մասնակից: Արցախից տեղահանվածների համար դասընթացները շարունակվում են։ Հաջորդ թեմաները կվերաբերեն ինտենսիվ այգեգործությանը եւ հատապտուղների ու ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակությանը: