Հրաշալի է, երբ մեկտեղվում են ուսումը, աշխատանքը եւ… խաղը

Ագրարայինը վերջին տարիներին համարձակորեն իրազեկեց, որ ոլորտում առաջիններից մեկն է անցնում դուալ կրթության: Համարձակորեն, որովհետեւ կարծրատիպերն ամենքին չի հաջողվում հաղթահարել: Մեզ հաջողվեց եւ առաջին քայլերն արդեն արված են: Քայլեր, որոնք հաստատապես շարունակական են լինելու:

Քոլեջի ԳՏ-2 կուրսի ուսանողները դուալ ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Ոսկեհատի ՈՒՓՏ-ում՝ դասախոս Բելլա Գրիգորյանի ղեկավարությամբ, խաղողագործություն առարկայից փորձուսուցում անցկացրին, մասնակցեցին բերքահավաքին: Նոյեմբերին նրանք կմասնակցեն այգեթաղի, իսկ գարնանը՝ մշակության սկիզբը կուսումնասիրեն: Ասել է թե մեկ ուսումնական տարվա ընթացքում ականատեսը կլինեն խաղողի մշակության բոլոր փուլերի, որը գինու արտադրության հիմքն է, անկյունաքարը:

Որպեսզի երիտասարդների համար աշխատանքը նաեւ հետաքրքիր լինի, կուրսը բաժանվել է թիմերի եւ ազնիվ մրցակցության հաղթողն արժանացել է խրախուսական նվերի, որը հանձնեց Ոսկեհատի գինու ուսումնագիտական կենտրոնի տնօրեն Արտակ Գաբրիելյանը: Իսկ մրցույթի հիմքում երկու չափորոշիչ էր՝ որակ եւ արագություն. «Պայմանավորվել էինք, ուշադիր եւ բծախնդիր ենք լինելու՝ վազի վրա ողկույզ չենք թողնելու»,- իր սաների հաջողությունից ակնհայտորեն գոհ պատմում է դասախոսը:

«Բոլորը ներգրավված էին գործընթացի մեջ եւ սիրով ու ոգեւորությամբ աշխատեցին»,- ամփոփեց Բելլա Գրիգորյանը: