Հաքաթոն. մեր նպատակը ավելի հավակնոտ է, քան մրցանակային տեղ նվաճելը

Դեկտեմբերի 19-22-ին, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ «Գործնական հմտությունների կատարելագործում» ծրագրի շրջանակում Ծաղկաձորում տեղի է ունեցել հաքաթոն, որին մասնակցել է երկրի տարբեր բուհերի շուրջ 100 ուսանող, 22 խմբով:

Մեր համալսարանը ներկայացնում էին՝ Հողային եւ ջրային ռեսուրսների ճարտարագիտություն մասնագիտության 3-րդ կուրսեցիներ Դավիթ Գեւորգյանը, Ալեքսանդր Պիրոեւը, Արեն Չոբանյանը, Հայկ Ղուկասյանը, Հողշին-4-ից Գոռ Մրտեյանը, Ագոբիզնես եւ ֆինանսներ-2-ից Վոլոդյա Բադալյանը, Ճշգրիտ գյուղատնտեսություն-1-ից  Աղասի Ամիրյանը եւ Հենրիկ Անտոնյանը, Քոլեջից Մարգարիտա Հովսեփյանը եւ Էլեն Կյուրեղյանը: Նկատենք, որ ուսանողներից առաջին երկուսը՝ Դավիթը եւ Ալեքսանդրը, հաքաթոնի մասնակցելու նախկինում հաղթական փորձ ունեցել են:

Ցավոք, այս անգամ մասնակցությունը հաղթական չէր, բայց երկու թիմով պայքարի ելած մեր ուսանողները ոգեւորված են եւ լի են վճռականությամբ, որ իրենց շատ կարեւոր մտահղացումները կյանքի կկոչվեն:

Եւ այսպես  «ՀԱԱՀ» անվանված թիմը կաթիլային ոռոգման միջոցով նաեւ բույսերի պաշտպանության եւ պարարտացման խնդիրները լուծելու, ճշգրիտ գյուղատնտեսությանը զարկ տալու նպատակ էին դրել: Ապագան ՏՏ նորագույն միջոցներին է պատկանում, որի հնարավորությունները պետք է ընդլայնի եւ կիրառի ճարտարագետը:

Մեր մյուս՝ «Ռիսկի սիրահարներ» թիմի ներկայացրած ծրագիրը, մասնակիցների համոզմամբ, աշխարհում նմանը չունի: Այս խմբի գլխավոր շարժիչ ուժը Գոռ Մրտեյանն է, որ Ջրականում անցել է 2020-ի արցախյան պատերազմի արհավիրքների միջով եւ իր հաշմված զինակիցների դժվարությունները հրաշալի գիտե եւ չի կարող անտարբեր դիտորդ մնալ: Հենց այս փորձառությունն էլ ընկած էր նրանց նախագծի հիմքում՝ հաշմանդամների համար դրոնով կառավարվող սայլակներ ստեղծել:

-Մեր նախագիծը ներկայացնելու ընթացքում դահլիճը երեք անգամ պայթեց ծափերից: Նախարար Մխիթար Հայրապետյանը, փոխնախարարները շատ բարձր գնահատեցին մեր մտահղացումը: Ընդհանրապես շատ լավ էին կազմակերպված աշխատանքները, հատկապես կամենում եմ շնորհակալությամբ նշել Անուշի կազմակերպչական ջանքերի մասին,- ասաց Գոռը։

Տղաները կանգ չեն առնելու, հույս ունեն, որ միջազգային մարդասիրական, գիտակիրառական ուղղվածությամբ հիմնադրամներից հնարավոր է աջակցություն ստանալ ու թանձրացական դարձնել նախագիծը, որի շնորհիվ ծանր կացության մեջ հայտնված հարյուրավոր մարդկանց կյանքի որակը շեշտակի կփոխվի: