ՀԱԱՀ-ից ներկայացված հայտերից 13-ը երաշխավորվել է ՀՀ պետական բյուջեից պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման

Ուրախությամբ պետք է նշել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1693-Ա/2 հրամանով հաստատվել է մրցութային կարգով ընտրված գիտական թեմաների ցանկը, որից 13-ը բաժին է ընկել Ագրարային համալսարանի ներկայացրած հայտերին, որոնք ընդգրկված են «Բնական գիտություններ», «Գյուղատնտե­սական գիտություններ» գիտական և գիտատեխնիկական գործու­նեության բնագավառների հետևյալ մասնագիտություններում՝ «Մաթեմատիկա», «Քիմիա», «Բուսաբուծություն», «Անասնաբուծություն, անասնաբուժություն», «Գյուղա­տնտե­սական կենսատեխնոլոգիա», «Հողագիտություն, ագրոքիմիա, բույսերի պաշտպանություն»։

Նշված թեմաներից 6-ը իրականացվելու է 2021-2023թթ., իսկ 7 ծրագիրը՝ 2021-2024 թվականներին։

Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի այս մրցույթը, ըստ ՀՀ գիտության կոմիտեի տեղեկատվության, ունեցել է իր առանձնահատկությունները: Մասնավորապես հետազոտությունների իրականացման համար դրամաշնորհները տրամադրվելու են մինչև 3 տարի տևողությամբ: Խստացվել են խմբերի ղեկավարներին ներկայացվող պահանջները, նաև՝ խմբերից պահանջվելու են ավելի շոշափելի գիտական արդյունքներ, թեմաների  իրականացման ընթացքում խմբերը պետք է ապահովեն միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում բարձր վարկանիշ ունեցող հրապարակումներ: Մրցույթը նախորդներից տարբերվում է նաև ֆինանսա­վորվող թեմաների աննախադեպ մեծ թվով: Թեմաների ֆինանսավորումը կսկվի 2021թ. հոկտեմբերից:

Մրցույթով երաշխավորված թեմաները վերաբերում են բնական և գյուղատնտեսական գիտությունների կարևորագույն բնագավառներին, որոնք ունեն ինչպես տեսական, այնպես էլ կիրառական նշանակություն։

ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման երաշխավորված թեմաները ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառների և մասնագիտությունների, թեմայի ղեկավարների և թեմաների անվանումների  ներկայացվում է այստեղ։

Ֆինանսավորման գումարը կկազմի 225.987.000 դրամ, որից աշխատանքի վարձատրությանը՝ ներառյալ հարկերին և այլ պարտադիր վճարներին կուղղվի 81,1%-ը, իսկ այլ ծախսերին՝ 18,9 %-ը։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորատը շնորհավորում է մրցույթով ֆինանսավորման երաշխավորված բոլոր թեմաների ղեկավարներին և գիտական խմբերի անդամներին, ցանկանում արդյունավետ աշխատանք և տեսական ու գործնական արժեք ունեցող գիտական արդյունքների ապահովում: