ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ «Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի դաշնային գիտահետազոտական կենտրոն» գիտության դաշնային պետական բյուջետային հաստատության տնօրեն Անդրեյ Ռոնժինը համագործակցության պայմանագիր են ստորագրել հունիսի 13-14-ը Երեւանում կայացած Հայ-ռուսական գիտակրթական համաժողովի շրջանակում։ Պայմանագրի նպատակն է կողմերի միջեւ համագործակցություն զարգացնել գիտահետազոտական եւ կրթական գործունեության, տեղեկատվության եւ գիտական փոխանակման ոլորտներում։
Պայմանագրով ամրագրվել է միջազգային, եվրոպական եւ երկկողմ համագործակցությունը հետազոտական նախագծերի իրականացման, դասախոսական անձնակազմի եւ մասնագետների վերապատրաստման, ասպիրանտական ծրագրերի շրջանակում ակադեմիական փոխանակումների եւ այլ ուղղություններով։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի եւ ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովի մասնակցությամբ համաժողովը երկու երկրների գիտակրթական հանրության ներկայացուցչական կազմ էր հավաքել։ Համաժողովի թեմաներն առնչվում էին գիտության եւ կրթության ոլորտներում գործակցության առաջնահերթ ուղղություններին, տնտեսության ոլորտում նորարարական համատեղ ծրագրերին, Ռուսաստանում հայոց լեզվի եւ Հայաստանում ռուսաց լեզվի տարածման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։
«Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Գայանե Գասպարյանը ՀԱԱՀ-ի կողմից հանդես եկավ որպես մոդերատոր եւ համալսարանի անունից ողջույնի խոսք ասաց համաժողովի մասնակիցներին՝ մասնավորապես շեշտելով դրա կարեւորությունը «երկու երկրների համար պատմականորեն ոչ միանշանակ այս ժամանակահատվածում»։ Նա համաժողովը դիտարկեց որպես ՀԱԱՀ-ի, մասնավորապես` Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի եւ ռուսաստանյան առաջատար բուհերի ու գիտահետազոտական հաստատությունների միջեւ արդեն եղած համագործակցությունն ընդլայնելու եւ խորացնելու հնարավորություն։
Սանկտ Պետերբուրգի դաշնային գիտահետազոտական կենտրոնի պատվիրակներն եղան ՀԱԱՀ «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնում», որտեղ այցելեցին տարածաշրջանում եզակի Հողագիտության թանգարան, որի պաշտոնական բացումը տեղի կունենա շուտով։
- 20/06/2023
- 2023