Այս տարի ապրիլին Եւրոպական միության եւ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպեց Կանաչ գյուղատնտեսության` Հայաստանում 1-ին խորհրդաժողովը: Այն, հիրավի, մեծ իրադարձություն դարձավ ագրոպարենային հիմնախնդիրներով մտահոգ գիտական հանրույթի հայաստանյան եւ արտերկրի ներկայացուցիչների, ինչպես նաեւ ոլորտային գերատեսչությունների պատվիրակների համար: Առկա մարտահրավերների վերաբերյալ գիտական զեկույցներ, պանելային քննարկումներ, բանավեճեր, գիտարշավներ, մասնագիտական աչքով տեղում արդյունքների գնահատում, համտես, պարզապես մարդկային շփումներ, այլ կերպ ասած, գիտականը, հաճելին եւ օգտակարը՝ մեկ միջոցառման շրջանակում:
Այս ամենը իմաստավորվեց եւ ամփոփվեց 4 հիմնական խորագրի ներքո՝ «Հարակայուն եւ կլիմայախելամիտ գյուղատնտեսություն», «Շրջանաձեւ տնտեսություն, կայուն ռեսուրսներ եւ գյուղատնտեսության կառավարում»,«Նորարարական տեխնոլոգիաներ գյուղատնտեսության մեջ», «Գիտելիքների փոխանցում-փոխանակում»: Եզրահանգումը մեկն էր՝ Կանաչ գյուղատնտեսությունը նոր արժեհամակարգ է, որին անցումը ժամանակի հրամայականն է:
Խորհրդաժողովում՝ տեղի եւ արտերկրի գիտնականների զեկուցած նյութերը այս ամիսների ընթացքում վերածվեցին գիտական հոդվածների, եւ այսօր շուրջ 2 տասնյակ անգլալեզու հետազոտություններ, որոնք արծարծում են կայունության, նորարար տեխնոլոգիաների, կլիմայական փոփոխություններին խելամտորեն դիմակայելու եւ այլ արդիական հիմնախնդիրներ ու լուծումներ, հասանելի են «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի Հատուկ թողարկման ընթերցողներին: Այսպիսով, Հատուկ թողարկումը ամսագրի վերանվանումից հետո, եւս նորույթ է, ինչի առիթով շնորհավորում ենք մեր հեղինակներին, հրատարակչներին եւ ընթերցողներին՝ վստահ, որ համալսարանում մեկնարկել է եւս մեկ պատմություն, որը կշարունակվի: