Խնկարկումով. գործը մնա…հիշատակող

Սեպտեմբերի 16-ին, Մտավոր սեփականության գրասենյակը պետական գրանցամատյանում՝ օրենքի համաձայն, արտոնագիր է շնորհել «Հողմաէներգետիկ տեղակայանք» գյուտի համար: Հեղինակներն են Նորայր եւ Ռոբերտ Արտեմյանները, Արա եւ Հրանտ Ամիրյանները: Նորայրը, ցավոք, 44-օրյա պատերազմում հերոսացավ-անմահացավ, անամոք ու չսպիացող վերք թողնելով բոլորիս հոգիներում:

Նորայրին ճանաչողները՝ հարազատներ, ուսուցիչներ միակարծիք էին՝ տաղանդավոր-օժտված երիտասարդին մեծ ապագա է սպասվում… Ավաղ: Պատերազմը խլեց մեզնից լավագույններին, հաճախ՝ միակներին։

Հավաստագրված այս գյուտի նախապատրաստական, որոնումի ողջ ընթացքում Նորայրն անդադար ավագների կողքին է եղել՝ պրպտուն մտքով, կարծրացած խնդիրները նոր լույսի տակ տեսնելու եզակի-անուրանալի կարողությամբ: Եւ խորհրդանշական է, որ գյուտը էներգիան խնայող այլընտրանքային լույս է պարգեւում ժողովրդին եւ հազարավոր հայորդիների թանկ արյամբ սրբացած Հայրենիքին։