Այս տարվա հունվարին ՀԱԱՀ-ի եւ ԵՄ՝ Ավստրիական զարգացման գործակալությունից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» նախագծի միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր: Ապրիլին Ակունքի մեր տնտեսությունում առաջին անգամ փորձարկվել է նախագծի շրջանակում համալսարանին նվիրաբերված գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքը:
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին «Կանաչ արահետ» ՀԿ-ի Ուսուցման կանաչ կենտրոնում բույսերի թռչող պաշտպանի հնարավորություններին ծանոթացավ ոլորտի զարգացմամբ շահագրգիռ մարդկանց բավականին մեծ խումբ, ներառյալ ֆերմերներ, ուսանողներ եւ դպրոցականներ: Ցուցադրությունը կազմակերպվել էր «Կանաչ շաբաթվա» շրջանակում: ԱԹՍ-ների արտադրության բնագավառում համաշխարհային առաջատարներից մեկի՝ DJI-ի արտադրած անօդաչուն նախատեսված է ցողման միջոցով բույսերի հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարի համար: Դրոնն ունի 20-լիտրանոց բակ, որի պարունակությունը բավարար է 12-13 հեկտար այգետարածք կամ բանջարանոց բուժելու համար:
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը ճշգրիտ գյուղատնտեսական այս սարքավորման միջոցով բույսերի պաշտպանություն իրկանացնելը կարեւոր համարեց՝ բնական ռեսուրսները չվտանգելու պայմաններում ֆերմերների եկամուտների ապահովման եւ սպառողին որակյալ գյուղմթերք մատակարարելու տեսակետից: Նա տեղեկացրեց, որ սրսկող ԱԹՍ-ից բացի համալսարանն ունի նաեւ չափիչ սարքեր, տվիչներ, ջրաչափական եւ այլ գործիքներ, որոնք օգտագործվում են ջրային եւ հողային ռեսուրսների կառավարումը բարելավելու նպատակով: Նոր սերնդի այս տեխնոլոգիաներն ուսանողներին օգնում են գործնականորեն յուրացնել համալսարանում դասավանդվող՝ թվային գյուղատնտեսությանն առնչվող մի շարք նոր առարկաների ծրագրերը:
Ուսանողները «Թռչող ագրարայինցու» աշխատանքը կառավարելու հնարավորություն կունենան հենց համալսարանից՝ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնի լաբորատորիայից:
ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» նախագիծը մեկնարկել է 2019 թ.: