Էրիկ Վույեն եւ Արամ Արիստակեսյանն արժանացել են ՀԱԱՀ պատվավոր պրոֆեսորի կոչման

Օրերս հյուրընկալել էինք Կանաչ գյուղատնտեսության առաջին խորհրդաժողովի շրջանակում Հայաստանում գտնվող՝ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի նախագահ Էրիկ Վույեին, նույն համալսարանի միջազգային կապերի եւ բազմազանության գծով փոխնախագահ Կարստեն Լորցին եւ Շարունակական կրթության միջազգային ծրագրերի ղեկավար Արամ Արիստակեսյանին։ Ինչպես նշեց ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող, նորընտիր ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, ՀԱԱՀ Գիտխորհրդի անդամների եւ 25 տարվա գործընկեր համալսարանի պատասխանատուների հանդիպման նպատակն էր երկուստեք կուտակած փորձի փոխանակումն ու գործընկերային կապերի հետագա ամրապնդումը։

Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի նախագահ Էրիկ Վույեն նախ ջերմորեն ողջունեց ՀԱԱՀ գործընկերներին եւ արծարծեց իր համալսարանին եւ երկարամյա գործակցությանն առնչվող մի շարք խնդիրներ։ Դոկտ․ Վույեն մասնավորապես խոսեց այսօրվա մարտահրավերների (կլիմայափոխություն, բնակչության եւ սննդամթերքի պահանջարկի աճ, գլոբալացում, ֆինանսներ եւ քաղաքականություն եւ այլն) պայմաններում որպես կիրառական գիտությունների համալսարանի՝ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կրթական, գիտական, նորարարական, արտադրական, տնտեսության եւ հասարակության «միջուկի» դերի մասին։ Գոհունակություն հայտնեց Ագրարային համալսարանի հետ համագործակցության մակարդակից։ Մինչ այժմ ՀԱԱՀ 150 ուսանող փորձուսուցում է անցել Վայհենշտեֆան-Թրիսդորֆում, ընդ որում 93-ը գործնական կիսամյակից հետո ուսումը շարունակել է այդ համալսարանի եւ ՀԱԱՀ համատեղ Միջազգային ագրարային մենեջմենթ մագիստրոսական կուրսում։ Ընդհանուր առմամբ, համալսարանի այսօրվա 6000 ուսանողներից շուրջ 1600-ը ը նոր ընդունված առաջին կուրսեցիներն են, իսկ մոտ 600-ը՝ արտերկրից է։

Համալսարանի միջազգային գործակցության մասին հետաքրքիր զեկուցմամբ հանդես եկավ փոխնախագահ դոկտ․ Կարստեն Լորցը: Իսկ ՀԱԱՀ-ի՝ Վայհենշտեֆանում ուսանած առաջին շրջանավարտ Արամ Արիստակեսյանը խոսեց Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում ՀԱԱՀ դերի մասին։ Մոտ 15 տարի առաջ Գերմանիա տեղափոխված մեր գործընկերը, որի շնորհիվ էլ մեծապես կայացել է այս հզոր համագործակցությունը, խոսեց ոչ միայն ձեռքբերումների, այլ նաեւ խնդիրների մասին՝ իրեն հատուկ պրոֆեսիոնալզիմով եւ Ագրարայինի հարազատ զավակի սրտացավությամբ։ Ուշագրավ էին մասնավորապես դոկտ․ Արիստակեսյանի նկատառումները բակալավրիատի հենց առաջին կուրսում մասնագիտացում ենթադրող ուսումնական պլանների մշակման, ինչպես նաեւ Վայհենշտեֆանում մագիստրոսական կրթություն ստանալուց հետո, ցավոք, հայրենիք չվերադարձող ուսանողների բարձր (ավելի քան 60) տոկոսը նվազեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին։

Հանդիպումն ավարտվեց դոկտ․ Վույեին եւ դոկտ․ Արիստակեսյանին ՀԱԱՀ պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհելու մասին գիտխորհրդի միաձայն որոշմամբ, որ գեղեցիկ անակնկալ եղավ հյուրերի համար։ ՀԱԱՀ նորընտիր ռեկտոր Հրաչյա Զաքոյանը հաճույքով կատարեց համապատասխան վկայականի հանձնման պարտականությունը, շնորհավորեց նրանց եւ շնորհակալություն հայտնեց կրկնակի դիպլոմ տրամադրող երկու համալսարանների միջեւ փոխշահավետ եւ արդյունավետ գործակցությունն ապահովող երկարամյա անբասիր աշխատանքի համար։