Դեկտեմբերի 5-ը Հողի համաշխարհային օրն է

2013թ․ դեկտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 5-ը հռչակեց որպես Հողի համաշխարհային օր՝ հաստատելով այդպիսի օր սահմանելու վերաբերյալ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության՝ նույն տարվա հունիսին կայացած խորհրդաժողովի միաձայն որոշումը։

Նորօրյա տոնի խորհուրդը հողի՝ որպես բնական էկոհամակարգի կարեւորագույն բաղադրիչի եւ մարդկանց բարեկեցության կենսականորեն կարեւոր անհրաժեշտ ռեսուրսի պատշաճ ընկալման ու գնահատման, հողի առողջացման, հողային ռեսուրսների հարակայուն կառավարման խնդիրների վրա հասարակությունների ուշադրությունը հրավիրելն է։

Հողի համաշխարհային օրվա այս տարվա նշանաբանն է՝ «Կասեցնել հողի աղակալումը, բարձրացնել հողի արտադրողականությունը»․ խնդիր, որ ավելի քան արդիական է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում։ Բավական է նշել, որ աղակալման հետեւանքով ամեն տարի աշխարհում 1,5 մլն հեկտար գյուղատնտեսական հողեր կորցնում են արտադրական նշանակությունը:

Հայաստանում աղակալած հողերը, տարբեր գնահատականների համաձայն, կազմում են 30-ից 40 հազար հեկտար, հիմնականում Արարարատի եւ Արմավիրի մարզերում: Ընդ որում աղակալումը շարունակվում է:

Գյուղատնտեսության ոլորտում առհասարակ աննախադեպ փոխակերպումների դարաշրջան է մեկնարկել, եւ ոլորտում ճշգրիտ, կանաչ, հարակայուն զարգացումները, ագրոտեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը «միջամտելու են» նաեւ հողերի աղակալման հրատապ խնդրի լուծման գործում: Սակայն ամենաարդիական գործիքակազմն էլ մասնագետի որակավորում ու հմտություն է պահանջում. Այս է, որ մենք՝ որպես ագրարային եւ առաջիկայում՝ ագրոտեխնոլոգիական բուհ, պարտավոր ենք եւ վստահաբար ապահովելու ենք՝ արդիական գործիք՝ լավ մասնագետի ձեռքում, ներառյալ հողերի աղազերծման՝ ժամանակ, ներդրումներ ու փորձագիտական միտք պահանջող լուրջ գործում:

Ագրարային համալսարանի ղեկավարության, ուսանողության եւ դասախոսական կազմի անունից շնորհավորում ենք հողի հայաստանցի աշխատավորին, գյուղատնտեսության ոլորտի մարդկանց Հողի համաշխարհային օրվա առթիվ, մաղթում խաղաղություն եւ ստեղծագործ աշխատանք: Պատվով կատարենք հայրենի հողի հանդեպ մեր պարտքն ու պարտականությունը՝ վերադարձնելով նրան իր նախնական, բնական ուժն ու կարողությունը:

ՀԱԱՀ Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին