Գործունեության հաջողություն, որը պետք է բոլորիս

Միջպետական ստանդարտացման ծրագրի իրականացման շրջանակում հուլիսի 28-ին տեղի է ունեցել ԵԱՏՄ ՄՏԿ (Միջազգային տեխնիկական կոմիտե) 003 «Հացաբուլկեղենային եւ մակարոնային արտադրանք» միջպետական տեխնիկական հանձնաժողովի առցանց նիստը, որտեղ անմասն չէր նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Նիստն անցել է բավականին արդյունավետ աշխատանքային միջավայրում:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը ՄՏԿ 003 միջպետական տեխնիկական հանձնաժողովի լիիրավ անդամ է, հանձնաժողովի կազմում եւ հետագա համագործակցության նպատակով կունենա լիազոր ներկայացուցիչ: Կարեւորելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնագետների դերը եւ մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներում, որպես լիիրավ ներկայացուցիչ առաջարկվել եւ հաստատվել է ՀԱԱՀ «Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաներ» ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի թեկնածությունը:

-Շատ պարտավորեցնող հանգամանք է,- մեր զրույցի ժամանակ ասաց Նարինեն,- ներկայացնելու եմ հարազատ բուհս ու երկիրը: Հանձնախմբի նպատակն է ստեղծել հացաբուլկեղենի որակի վերահսկման հստակ մեխանիզմներ, անդամ երկրների համար ընդհանուր դաշտ՝ կանոնակարգված, փոխհասկանալի չափորոշիչներով:

Մեր գործընկերուհուն մեծ, կարեւոր աշխատանք է սպասվում, որը հանրային առողջության անկյունաքարերից մեկն է: Չէ որ հայ մարդը առանց հացի սեղան չի նստում: Մեր լեզվամտածողության մեջ հացը լինում է արդար, լինում է հանապազօրյա եւ միշտ՝ սուրբ…