Դեկտեմբերի 19-ին ՀԱԱՀ Բալահովիտի ուսումնափորձարարական տնտեսությունում տեղի ունեցավ «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագծի ընթացիկ աշխատանքների ներկայացում եւ քննարկում՝ նախագծի շրջանակում համալսարանի հետ գործակցող կազմակերպությունների ներկայացուցիչների, ագրարային ոլորտի փորձագետների մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։
Համալսարանն այս նախագիծն իրականացնում է Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) «ԷԿՈսերվ» ծրագրի աջակցությամբ:
Նախագծի ՀԱԱՀ համադրող Աննա Հովհաննիսյանի ողջույնի եւ ներածական խոսքից հետո նախագծի փորձագետներ Կարեն Մինասյանը եւ Գագիկ Թովմասյանը ներկաներին ծանոթացրեցին նախագծի շրջանակում հիմնված՝ ընտրված մշակաբույսերի համար գոմաղբից պարարտանյութ/կենսազանգված (կենսահումուս) ստանալու եւ սիլոսի արտադրության փորձացուցադրական մոդելներին, ինչպես նաեւ հիդրոպոնիկ կերի արտադրամասի աշխատանքին։
Քննարկումը, նույնիսկ իրենց մասնագիտական խստապահանջությամբ հայտնի փորձագետների գնահատմամբ՝ նպատակային էր եւ գործնական։ Տիկին Փանոսյանը շնորհակալություն հայտնեց Ագրարային համալսարանին եւ գործընկեր՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ԷԿՈսերվ բնապահպանական ծրագրին՝ կարեւոր նախաձեռնության համար եւ նշեց, որ առաջարկվող հեռանկարային մոդելների հետազոտության արդյունքներն արդեն խոշոր ներդրողների է գրավում։
ՀԱԱՀ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը շեշտադրեց, որ օրգանական պարարտանյութերի արտադրությունը ռազմավարական լուծումներ բովանդակող զարգացող ոլորտ է՝ քիմիական «համարժեքների» հետ կապված լուրջ ռիսկերի խորապատկերում։ ԷԿՈսերվի խորհրդատու Լեւոն Մովսիսյանը նշեց Ագրարային համալսարանի, առհասարակ կրթության առանցքային դերը օրգանական ծագման պարարտանյութերի մոդելային արտադրության ոլորտի ընթացիկ եւ հետագա զարգացումներում, ուսանողներին գործնական գիտելիք, նաեւ մշակույթը փոխանցելու, ինչպես նաեւ ստեղծված մոդելները մարզերում տարածելու կարեւորությունը։
ԷԿՈսերվ ծրագրի ներկայացուցիչները կարեւոր համարեցին մոդելների վերաբերյալ իրազեկության բարձրացումը, պետության հովանու ներքո փորձնական արտադրություն կազմակերպելու անհրաժեշտությունը, շնորհակալություն հայտնեցին գործընկեր երեք՝ էկոնոմիկայի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների եւ շրջակա միջավայրի նախարարություններին, նախագծի համադրող Աննա Հովհաննիսյանին՝ կազմակերպչական ջանքերի, ճիշտ մարդկանց առաջադեմ ու հեռանկարային գաղափարների շուրջ միավորելու համար։ Հատուկ շնորհակալություն հայտնեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանին եւ ՀԱԱՀ թիմին՝ վերջին տարիներին հաջողված համատեղ ծրագրերի իրականացման համար։
ՀԱԱՀ ռեկտորի առաջարկներից մեկը վերաբերում էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ) դիմելուն, որի աջակցությունը կարող է նվազեցնել ներդրողների ռիսկերը։ Պարոն Ուռուտյանը նշեց գոմաղբից կենսագազ ստանալու հարցում խոշոր ֆերմերային տնտեսություններին խրախուսելու անհրաժեշտության մասին։ Շնորհակալություն հայտնեց էկոնոմիկայի նախարարությանը՝ գաղափարին աջակցելու, GIZ-ին եւ ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությանը (EU-GAIA)՝ մշտապես համալսարանի կողքին լինելու համար։
«Այն ամենն, ինչ համատեղ ջանքերով մենք այսօր ունենք համալսարանի ուսումնափորձարարական տնտեսություններում՝ արտադրամասեր, ցուցադրական լաբորատորիաներ, տոհմային կենդանիներ, արտադրական առաջադիմական մոդելներ, խիստ կարեւոր է կրթության կիրառականության առումով։ Ստեղծված ենթակառույցներն ու ձեւավորված միջավայրը ուսանողներն արդեն օգտագործում են եւ մշտապես օգտագործելու են մասնագիտական լուրջ կարողականության ձեւավորման նպատակով », – ասաց ռեկտոր Ուռուտյանը։
Իրազեկման հաջորդ հանդիպումը կկայանա գարնանը՝ ավելի շատ ասելիքով, հուսով ենք՝ արդեն ներդրված մոդելներով, որոնք նախատեսում է կազմակերպել «Օրգանական ծագման պարարտանյութերի/կենսազանգվածի ցուցադրական մոդելի տարածում ՀՀ մարզերում» մրցույթի հաղթող ՎԻՊԵԿՈ ընկերությունը՝ ընտրվելիք շահառուների տնտեսություններում։
- 20/12/2023
- 2023