Ագրարային համալսարանի հինգ ֆակուլտետներից չորսին կից ստեղծված արդյունաբերական խորհուրդների գործունեությունը թեւակոխում է գործնական փուլ։ Անցյալ շաբաթ՝ հունիսի 4-ից 7-ը, Իբիս հյուրանոցում մեր գործընկեր Սիվիտտա Հայաստան խորհրդատվական ընկերության նախաձեռնությամբ կայացան արդյունաբերական խորհուրդների ռազմավարական պլանավորման աշխատաժողովները։
Սպասված հանդիպումներին մասնակցությունը ներկայացուցչական էր, օրակարգը՝ հագեցած։ Առանձին օրերին առանձին ֆակուտետների ներկայացուցիչները, ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, տվյալ ֆակուլտետին կից արդյունաբերական խորհրդի անդամները Սիվիտտայի փորձագետներ Սեւակ Հովհաննիսյանի եւ Նվարդ Մինասյանի ներկայացմամբ նախ ծանոթանում էին արդյունաբերական խորհուրդների միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներին։ Այնուհետեւ մասնակիցները քննարկման միջոցով հստակեցնում էին խորհրդի տեսլականը, առաքելությունն ու գործառույթները, հաստատում աշխատակարգը եւ մանդատը եւ մշակում առաջիկա գործողությունների պլան։
Հետաքրքրական շատ իրողություններ ի հայտ եկան շահագրգիռ քննարկումների ժամանակ․ ամենակարեւորն այն է, որ արդյունաբերական խորհուրդների անդամ՝ մասնավոր ագրոբիզնեսի, հասարակական հատվածի եւ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների այս եզակի միավորումը թերեւս ի զորու եղավ բարի ցանկություններից անդին՝ հաստատութենական հիմքեր դնել հետագա համագործակցության համար։ Արդյունաբերական խորհուրդների հիմնական նպատակը, ինչպես նշեց պարոն Զաքոյանը, աշխատաշուկայի կարիքներին հնարավորինս արագ արձագանքելն է։ Հենց սա է Սիվիտա Հայաստանի մեր գործընկերների եւ մեր նպատակը, մանավանդ հաշվի առնելով երկրում ագրարային ոլորտի մասնագետների մեծ պահանջարկի եւ ագրարային մասնագիտությունների նկատմամբ երիտասարդության հետաքրքրության՝ սպառնալիք դարձած պակասի միջեւ։
«Արդյունաբերական խորհուրդների ստեղծման նպատակը տարբեր ենթաոլորտների մեր գործընկերներից ազդակներ ստանալն է՝ կրթական ծրագրերը աշխատաշուկայի կարիքներին հարմարեցնելու համար, նվազեցնել կտրվածությունը կրթության եւ աշխատաշուկայի միջեւ։ Ուսումնական գործընթացը կազմակերպելու առումով գործատուի, ֆերմերի, ոլորտի այլ խողորդների կարծիքը մեզ համար էական է։ Արդյունաբերական խորհուրդները մեծապես կօգնեն ուժեղացանել մեր կրթական ծրագրերը եւ դրանք հարմարեցնել աշխատաշուկայի պայմաններին։ Իսկ այս պահի գերխնդիրը ագրոպարենային ոլորտի մասնագիտությունների կարեւորությունը որոշում կայացնողներին հասցնելն ու ոլորտի հանդեպ երիտասարդության հետաքրքրվածության կտրուկ նվազումը կասեցնելն են», – ասաց պարոն Զաքոյանը։
Հաշվի առնելով ֆակուլտետներին կից արդյունաբերական խորհուրդների անդամների շահագրգիռ մասնակցությունը, քննարկումների բարձր մակարդակն ու անկեղծությունը, կարելի է վստահություն հայտնել, որ այս նոր ձեւաչափն իսկապես կօգնի ժամանակին եւ արդյունավետ կերպով արձագանքել եղած եւ սպասվող փոփոխություններին ու մարտահրավերներին։
Որպես քննարկումների արդյունք՝ արդյունաբերական խորհուրդները ի մի բերեցին առանցքային առաջարկները` ռազմավարական առաջնահերթությունները որոշարկելու համար։ Առաջնահերթություններ, որոնք միտված են ակադեմիական առաջընթացին, կառավարման բարելավմանը, աշխատաշուկայի պահանջարկի սպասարկման՝ համալսարանի մեծ ներուժի իրացմանը։