Արատոս Գրուփի ղեկավարը ոգեւորված է համալսարանի հետ գործակցության հեռանկարով

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը օգոստոսի 24-ին ընդունել է հունական Արատոս Գրուփ ընկերության հիմնադիր գլխավոր տնօրեն Նիկոս Բոգոնիկոլոսին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը եւ ՀԱԱՀ Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը:

Դոկտ. Բոգոնիկոլոսը եւ ռեկտոր Ուռուտյանը քննարկել են նորարարական լուծումների լայն սպեկտր առաջարկող, միջազգայնորեն հայտնի ընկերության եւ մեր համալսարանի միջեւ համագործակցության պոտենցիալ ուղղությունները: Արատոս Գրուփի ղեկավարին մասնավորապես հետաքրքրել է գյուղատնտեսությունում բլոկչեյն տեխնոլոգիաների օգտագործումը, ագրոտեխնոլոգիաները եւ ճշգրիտ գյուղատնտեսությունը, ավելին՝ նա ոգեւորվել է այս ուղղությունները Հայաստանում զարգացնելու՝ մեր համալսարանի սկսած ծրագրերից ու հստակ քայլերից:

Պարոն Բոգոնիկոլոսը նաեւ բլոկչեյնի ուղղությամբ ՀԱԱՀ-ում դասընթացներ անցկացնելու պատրաստակամություն է հայտնել, խոսել իր ընկերության միջոցով եվրոպական տարբեր ծրագրերի ու նախագծերի շրջանակներում փոխգործակցության հնարավորությունների մասին:

Ռեկտոր Ուռուտյանը Արատոս Գրուփի ղեկավարին ծանոթացրել է Ագրարային համալսարանի եւ հունական մի շարք համալսարանների միջեւ ծավալված երկարամյա համագործակցությանը, ագրոտեխնոլոգիական ուղղվածության ինտենսիվ բարեփոխումներին, համարժեքորեն ու պատրաստակամորեն արձագանքել պարոն Բոգոնիկոլոսի շահագրգիռ հեռանկարային առաջարկներին, որոնք բխում են նորարարական ագրոտեխնոլոգիական կրթության զարգացման՝ մեր համալսարանի որդեգրած քաղաքանությունից ու գործելակերպից:

Դոկտ. Բոգոնիկոլոսը Հայաստանում էր ԲՏԱ նախարարության օգնությամբ Հայաստանում փոխգործակցության իրական ու իրատեսական հնարավորություններին ծանոթանալու նպատակով: