Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի եւ «Օրգանական գյուղատնտեսության հզորացում Հայաստանում. Մասնակցային բարձրագույն կրթություն եւ գիտելիքի փոխանակում հանուն զարգացման» (SOAA) ծրագրի շրջանակում կազմակերպեց իր առաջին Միջազգային շաբաթը, որը նվիրված էր բուհի հիմնադրման 95-ամյակին։
Այս կարեւոր իրադարձությունն ընդգծեց համալսարանի դերն ու միջազգային համագործակցության ընդլայնման տեսլականը՝ իր դռները բացելով եւրոպական գործընկեր համալսարանների ներկայացուցիչների առաջ։ Միջոցառմանը մասնակցում էին ՀԱԱՀ-ի նոր եւ բազմամյա եւրոպական գործընկերները, որոնք ներկայացնում էին Եւրոպայի վեց բուհեր՝ Կաստելո Բրանկոյի պոլիտեխնիկական ինստիտուտը, Պորտոյի համալսարանը (Պորտուգալիա), Կրետեի եւ Արեւմտյան Ատիկայի համալսարանները (Հունաստան), Ռուսեի «Անգել Կանչեւ» համալսարանը (Բուլղարիա) եւ Մարկեի պոլիտեխնիկական համալսարանը (Իտալիա)։ Ընդհանուր առմամբ, հյուրընկալեցինք յոթ ներկայացուցիչ՝ ակադեմիական տարբեր ուղղություններով եւ համայնքներից։
Միջազգային շաբաթը մեկնարկեց բացման արարողությամբ, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը եւ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը։ Նրանք կարեւորեցին միջազգայնացման դերն ու նշանակությունը համալսարանական գործունեության մեջ։ Միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանը ներկայացրեց համալսարանի կառուցվածքը, առաքելությունն ու միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները։ Գործընկեր համալսարանների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին ներկայացրին սեփական կրթական հաստատությունները՝ նախանշելով ապագա համատեղ նախաձեռնությունների ու ծրագրերի հեռանկարները։
Զեկույցներով հանդես եկան Մարիամ Մովսիսյանը՝ «Օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում. ՀԱԱՀ-ի դերը կրթության զարգացման գործում» թեմայով, Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետի տեղակալ Սուսաննա Մեջլումյանը՝ «Գյուղատնտեսական միջազգային նախագծերը եւ դրանց ազդեցությունը աշխատաշուկայի վրա. «ՖՐՈՒՏԵՆԻԱ» նախագիծ» թեմայով, իսկ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի զեկույցը նվիրված էր հայկական գինու ստեղծման պատմությանը։
Հյուրերը շրջայց ունեցան համալսարանի ուսումնամասնագիտական մի քանի նորարարական ենթակառույցներում։
Երկրորդ եւ չորրորդ օրերին տեղի ունեցան մասնագիտական քննարկումներ եւ թեմատիկ դասախոսություններ, որոնց ժամանակ եւրոպացի մասնագետները ներկայացրին իրենց փորձառությունն ու ծրագրերը՝ համագործակցության նոր ուղիների բացահայտման ակնկալիքով։ Պորտուգալիայի Կաստելո Բրանկոյի պոլիտեխնիկական ինստիտուտի ներկայացուցիչ Խոսե Կոուտինյոն հանդես եկավ մի շարք ուշագրավ դասախոսություններով Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողների համար։ Նա ներկայացրեց օրգանական գյուղատնտեսությունը Պորտուգալիայում, Պորտուգալիայի գինու շրջաններն ու գինիները, գյուղատնտեսական արտադրության կենսաանվտանգության մոտեցումները եւ այլն։ Պորտոյի համալսարանից Մարիա դա Գրեյսը հանդես եկավ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի ուսանողների համար նախատեսված մասնագիտական դասախոսությամբ։ Բուլղարիայի Ռուսեի «Անգել Կանչեւ» համալսարանից Բորիս Կոստովի ու Գենչո Պոպովի դասախոսությունները վերաբերում էին Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողներին ու դասախոսներին։ Կարմեն Մեդրեան՝ Հունաստանի Արեւմտյան Ատիկայի համալսարանից, անդրադարձավ մետաղական նյութերի տեխնոլոգիայի հիմունքներին։
Դասախոսությունները մեծ հետաքրքրություն առաջացրին ուսանողների շրջանում. նրանք ակտիվ մասնակցեցին քննարկումներին՝ արտահայտելով իրենց հետաքրքրությունները եւ հաղորդակից դարձնելով նաեւ սեփական փորձառությանը։ Գործնական ուղղվածությամբ, կոնկրետ ուսումնասիրությունների եւ իրական դեպքերի վրա հիմնված դասախոսությունները նպաստեցին վերոնշյալ ոլորտներում առկա նորարարական մոտեցումների ընկալմանը։
Վալենտինա Դոմիցիոն՝ Իտալիայի Մարկեի պոլիտեխնիկական համալսարանից, առանձին հանդիպումներ ունեցավ ՀԱԱՀ պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի եւ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի ղեկավար Աննա Դաշտոյանի հետ։ Իսկ Հունաստանի Կրետեի համալսարանից Ալեքսանդրա Զաքարիադին եւ ՀԱԱՀ ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանը քննարկվեցին ԵՄ միջազգային ծրագրերի ֆինանսավորման առանձնահատկությունները, հաշվետվությունների ներկայացման մոտեցումները։
Միջազգային շաբաթվա շրջանակում հյուրերի համար կազմակերպվեց այց ՀԱԱՀ-ի Ակունքի օրգանական գյուղատնտեսության կրթական եւ ուսումնափորձնական տնտեսություն, որտեղ Նաիրա Գասպարյանը ներկայացրեց տնտեսության գործունեությունն ու ագրոտեխնոլոգիական նորարարությունները։ Իսկ օրվա երկրորդ կեսը վերածվեց մշակութային օգտակար ու գեղեցիկ փորձառության․ հյուրերը ՀԱԱՀ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելեցին Գեղարդավանք, զմայլվեցին հայ միջնադարյան ճարտարապետությամբ, որից հետո վայելեցին հայկական ավանդական ճաշատեսակներն ու հյուրընկալությունը։ Հաջորդ օրը մեր գործընկերներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Գայանե եկեղեցի։
«Առաջին Միջազգային շաբաթը դարձավ խորքային համագործակցության, փորձի փոխանակման եւ մշակութային կապերի ամրապնդման յուրահատուկ հարթակ։ Այն ոչ միայն վերահաստատեց ՀԱԱՀ-ի առկա կապերը, այլեւ հիմք դրեց նոր գիտակրթական նախաձեռնությունների, ուսանողների եւ դասախոսների փոխանակման ու ծրագրային զարգացումների։ Այսպիսի նախաձեռնությունները վկայում են համալսարանի միջազգայինացման ռազմավարության հետեւողական իրականացման, ինչպես նաեւ կրթության եւ գիտության ոլորտում միջազգային դերակատար դառնալու վճռականության մասին», – կարեւոր միջոցառումն այսպես ամփոփեց ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը։