Փետրվարի 21-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի, այդ թվում՝ աշխատանքային կիսամյակի, արդյունքների վերաբերյալ օրակարգային հարցը շահագրգիռ քննարկումների առիթ տվեց, մասնավորապես՝ հեռացումների պատճառահետեւանքային կապերի վերաիմաստավորման եւ գործատուների հետ հարաբերությունների նոր մակարդակի շուրջ։
Ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների զեկուցումներից ակնհայտ դարձավ, որ հեռացումների պատճառների տարբեր են․ ռեկտորատը մանրակրկտորեն քննության առավ թե բոլոր պատճառները եւ թե հնարավորության դեպքում դրանք հետագայում նվազեցնելու հնարավորությունները։ Օրինակներից մեկը աշխատող (ծառայող) որոշ ուսանողների բացակայությունների եւ ուսման որակի «հավերժական» դարձած խնդիրն է, որի վերաբերյալ պարոն Զաքոյանի դիրքորոշումն էր՝ օգնել գործատուներին, որ իրենց ծրագրերը հարմարեցնեն համալսարանի պայմաններին։
Աշխատանքային կիսամյակի ձեւաչափով ուսումնաարտադրական փորձուսուցումների գործելակերպը Ագրարային համալսարանի ներդրած եւ իրեն արդարացրած նորարարությունն է ՀՀ բարձրագույն կրթության համակարգում։ Քննարկումը ցույց տվեց, որ կայացած համակարգը կատարելագործման կարիք ունի, մասնավորապես՝ այն գործատուների հետ հարաբերությունների վերանայման առումով, որոնք բավարար լրջությամբ չեն վերաբերվում փորձուսուցման պայմանագրով ստանձնած իրենց պարտավորություններին եւ/կամ չարդարացված բարձր գնահատականներ են շռայլում փորձնակ ուսանողներին։ «Որոշ գործատուների առումով մենք անելիք ունենք․ նրանք պետք է բաց լինեն ուսանողի հետ իրենց աշխատանքային հարաբերություններում, լուրջ վերաբերվեն թե իրենց պարտավորություններին եւ թե ուսանողներին գնահատական դնելիս։ Արդեն ունենք գործատուներ, որոնց հետ չենք շարունակելու համագործակցությունը», – ասաց պարոն Զաքոյանը։ Մյուս կողմից, նա առաջարկեց առանձնացնել եւ խրախուսել այն գործատուներին, որոնք լիարժեք փոխշահավետ փորձուսուսում են ապահովում, վարձատրում ուսանողին եւ աշխատանք առաջարկում։
Օրակարգային եւ ոչ պակաս շահագրգիռ քննարկման հարց էր նաեւ ՀԱԱՀ ուսումնափորձարարական տնտեսությունների, ուսումնական և գիտական ստորաբաժանումների միջև համագործակցության ակտիվացման հնարավորությունների ներկայացումը։ Հարցն այնքանով էր «հասունացած», որ ռեկտորատի նախորդ՝ հունվարյան նիստի համապատասխան որոշման թեմա էր դարձել։ Իսկ քննարկումը ցույց տվեց (թերեւս առաջին անգամ այդքան առարկայորեն), որ համալսարանի համակարգում գործող ՈՒՓՏ-ների, ուսումնագիտական ստորաբաժանումների միջեւ համագործակցության ներուժը հսկայական է։ Առանձին ստորաբաժանումների՝ վերջին տարիների տպավորիչ ու հուսադրող ցուցանիշները, այնուամենայնիվ, շատ ավելի մեծ արդյունքների կարող են հանգեցնել՝ համատեղ ծրագրերի, հետագա զարգացման, ուսանողների ներգրավման եւ ուսումնական, փարձուսուցման եւ գիտական խնդիրներին լուծման առումով։ Պարոն Զաքոյանը համալսարանական ստորաբաժանումների միջեւ համագործակցության էական բարելավումը կարեւոր համարեց նաեւ ուսումնական պլանների վերջնարդյունքների ապահովման, ՈՒՓՏ-ների կարիքների հասցեավորման, բուհի համար եկամուտ գոյացնելու տեսակետից։