Այսօր՝ հունիսի 27-ին, ՀԱԱՀ մեծ դահլիճում էին հավաքվել Ագրարային ընտանիքի բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչները:
Ռեկտոր Հրաչյա Զաքոյանի խոսքը կարճ էր, ըստ էության: Այս տարի եւս, ինչպես նախորդի դեպքում, ԿԳՄՍ նախարարի հրամանով մեր բուհին հնարավորություն է տրվել ոչ տնտեսագիտական 16 մասնագիտությունների համար համալրումն իրականացնել նաեւ առանց քննության: Խոսքը միջին մասնագիտական հաստատություն ավարտած երիտասարդների մասին է:
Հատկացվել է 490 տեղ, որից 85-ը առկա՝ Անասնաբուժություն եւ Ճշգրիտ գյուղատնտեսություն կրթական ծրագրերով, որոնք հեռակա համակարգում ներառված չեն: Առկա համակարգ դիմողներին իրազեկելու համար մենք ունենք ժամանակ՝ մինչեւ օգոստոսի վերջ, հեռակայի դեպքում՝ սեպտեմբերի վերջ: Ի պատասխան Քոչինյանի անվան քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանի հարցի, թե կրթաթոշակներ ստանալու են այս սկզբունքով համալրված ուսանողները, պարոն Զաքոյանը պատասխանեց.
-Անցյալ տարի առկա համակարգում այս կարգը գործել է,- ռեկտորը նաեւ հավելեց,- իրազեկումը, տեղեկատվության սփռումը լավ կազմակերպելու դեպքում միանգամից 3 լավ գործ ենք անում. աջակցում ենք սովորել կամեցող երիտասարդներին, բուհին եւ յուրաքանչյուրս՝ մեզ:
Անվիճելի է, անցյալ տարվա համանման արտոնության շնորհիվ շատ արժանավոր պարմանի-պարմանուհիներ արժանացան Ագրարայինի ուսանող լինելու ցանկալի կոչմանը: Ցանկալի, քանզի մենք մասնագետներ ենք պատրաստում գալիքի համար, գալիքի չափանիշերով…
Որ ագրարային ոլորտի մասնագիտությունների նկատմամբ դիմորդների շրջանում հետաքրքրությունը բարձրացել է, վկայում այն փաստը, որ միայն կենտրոնացված քննություններով ՀԱԱՀ առկա ուսուցման համակարգ հայտագրված դիմորդների ընդհանուր թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 42,45 %-ով, իսկ պետության կողմից գերակա ճանաչված եւ ամսական 70.000 ՀՀ դրամ պետական կրթաթոշակի հնարավորությամբ 14 մասնագիտությունների ուղղությամբ 2025-2026 ուստարում դիմորդների թիվը բարձրացել է 88,46 %-ով: Սա դեռևս միայն կենտրոնացված քննություններով ՀԱԱՀ ընդունվել ցանկացողների ցուցանիշն է, որը վստահաբար դեռ բարձրանալու է նաեւ միջին մասնագիտական եւ արհեստագործական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին ընձեռված բացառիկ հնարավորության շնորհիվ: