ԱՈՒԿ-ի եւ գինու ակադեմիայի 2023 թ․ փաղանգը համալրեց ոլորտի դերակատարների շարքը․ ավարտական արարողություն ԶԵԱԿ-ում

Հունիսի 27-ին Զաբել Եսայան ագրոբիզնեսի կենտրոնում (ԶԵԱԿ) կայացավ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ մագիստրատուրայի, ինչպես նաեւ Ի-Վի-Էն գինու ակադեմիայի 2022-2023 ուստարվա շրջանավարտների ավարտական արարողությունը, որին մասնակցում էին այս կրթական ծրագրերին աջակցող կազմակերպությունների ներկայացուցիչները՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն, Հայաստանի խողողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, առցանց՝ Տեխասի A&M համալսարանի եւ ՀԱԱՀ պատվավոր պրոֆեսոր Ջոն Նիքոլսը եւ Գայզենհայմի համալսարանի պրոֆեսոր Յոն Հանֆը։

ՀԱԱՀ Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետ, Ագրոբիզների հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը, ողջունելով ներկաներին եւ շնորհավորելով շրջանավարտներին, նշեց, որ այս երեք կրթական ծրագրերը, ի հավելում միջազգայնորեն մրցունակ մասնագիտական գիտելիքների ու փորձի, «պատրաստում են Հայաստանի Հանրապետության պատասխանատու քաղաքացիների»։

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց դասախոսներին եւ ծնողներին եւ հենց իրենց` շրջանավարտներին, որոնք, ինչպես ամբողջ ժողովուրդը, անտրտունջ հաղթահարել են մեր հայրենիքին բաժին հասած ծանր փորձությունները եւ ստացած բարձրակարգ կրթության շնորհիվ այսօր պատրաստ են համալրել աշխատաշուկան եւ իրենց «որակն ու գույնը ավելացնել գյուղատնտեսության, ագրոբիզնեսի եւ հարակից այնպիսի ոլորտներում, որոնք ապահովում են Հայրենիքի հզորությունը»։ Ռեկտոր Ուռուտյանը շրջանավարտներին հորդորեց սարսափել միջակությունից՝ ինչպես սովորեցնում էր մեծ գրող եւ հումանիստ Զաբել Եսայանը եւ «չվրիպելով» սեփական կոչումից, անշեղ քայլել դեպի նպատակը։ Ռեկտորը վստահություն հայտնեց, որ միջազգայնորեն հայտնի մեր երեք կրթական ծրագրերի շրջանավարտների 2023 թ․ փաղանգը  համալրելու է երկրի գյուղատնտեսության, ագրոբիզնեսի եւ հարակից ոլորտների դերակատարների շարքը։

Ջերմորեն շնորհավորելով շրջանավարտներին՝ ուսումնառության տարիների քրտնաջան աշխատանքը հաջողությամբ պսակելու առթիվ, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն մասնավորապես նշեց․ «ԱՄՆ ՄԶԳ-ի նպատակը Հայաստանում ավելի ներգրավված, բարեկեցիկ եւ լավ կառավարվող հասարակություն ստեղծելն է, եւ այս առումով Ագոբիզնեսի ուսուցման կենտրոնը կարեւոր հանգրվան է այդ նպատակին հասնելու ճանապարհին։ Ապահովելով ագրոբիզնեսի ոլորտի՝ միջազգայնորեն մրցունակ կրթություն, ԱՈՒԿ-ն օգնում է իր ուսանողներին Հայաստանի ագրոպարենային համակարգում ծավալելու հարակայուն ձեռնարկչական գործունեություն։ Այն ձեզ պատրաստել է որպես վաղվա առաջնորդների։ Հիշեք, որ հաշվի առնելով ձեր պատրաստվածությունն ու գիտելիքները, աշխարհը պատրաստ է ողջունել ձեզ եւ սովորել ձեզանից»։

Շրջանավարտներին ջերմորեն շնորհավորեցին Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի նախագահ Զարուհի Մուրադյանը, առցանց՝ պրոֆեսոր Ջոն Նիքոլսը եւ պրոֆեսոր Յոն Հանֆը։

ԱՈՒԿ-ի մագիստրատուրայի շրջանավարտների անունից երախտագիտության խոսքով հանդես եկավ Մերի Անժուրը, բակալավրիատի շրջանավարտների անունից՝ Վարդան Անդերասյանը եւ Գինու ակադեմիայից՝ Մարիամ Մելքոնյանը։

ԱՈՒԿ-ի շրջանավարտներին ՀԱԱՀ դիպլոմներ եւ Տեխասի A&M համալսարանի հավաստագրեր, իսկ Գինու ակադեմիայի շրջանավարտներին` Գայզենհայմի համալսարանի հավաստագրեր հանձնեցին պարոն Ալելոն, տիկին Մուրադյանը եւ ռեկտոր Ուռուտյանը։