ԱՈՒԿ․ դիպլոմային աշխատանքներ՝ իրականություն դարձող գործարար գաղափարների մասին

Երեկ՝ հունիսի 11-ին, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը ներկա էր ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը։ Թե նա եւ թե հանձնաժողովի անդամները ոչ միայն առհասարակ մտահոգվելու առիթ չունեցան, այլեւ ակնհայտորեն գոհ էին ԱՈՒԿ-ի չորրորդկուրսեցիների ցուցաբերած գիտելիքներից, հռետորական արվեստին տիրապետելու հմտությունից, թեմաների հրատապությունից, անգլերենի գերազանց իմացությունից։

Այս ամենով, սակայն, ԱՈՒԿ-ը բարձրագույն կրթության հայաստանյան միջավայրում հայտնի է եղել միշտ՝ գոյության 24 տարիների ընթացքում։ Ամենաուրախալին ուսանողների ներկայացրած թեմաների բովանդակած կենսական «ջիղն» է, նրանց արած հետազոտական պրպտուն աշխատանքի իրական արդյունքներն այն իմաստով, որ գրեթե բոլորի ավարտական աշխատանքներն արտացոլում էին արդե´ն իրականություն դարձած կամ դառնալու ճանապարհն գտնվող կամ դրա լիարժեք հնարավորությունն ունեցող համարձակ գործարար գաղափարները։

Ավարտաճառերը վկայեցին, որ ուսանողները շատ հստակ պատկերացնում են ագրոբիզնեսի ոլորտում իրենց անելիքը, տեսլականը, առաքելությունը, տվյալ ենթաճյուղի իրավիճակը, իրենց արտադրանքի շուկայահանման հնարավորությունները, գործառնական ու շուկայավարական պլանները, բրենդավորումը, արդեն ստեղծված կամ ստեղծելիք ընկերության մրցակցային առավելությունները, ֆինանսական վերլուծությունը եւ այլն։ Ոմանք արդեն նույնիսկ վաճառքի հուսադրող փորձառություն եւ պատվերներ ունեն․․․

Այսպիսով՝ հանձնաժողովին վիճակվեց բարձր գնահատել ոչ միայն բուն դիպլոմային աշխատանքները, այլեւ համտեսել եւ դարձյալ բարձր գնահատանքի արժանացնել ուսանողների մտքով ու ձեռքով արարվածը՝ նուշի մածուկ՝ խաղողի օշարակի եւ ծիրանի չրի համադրությամբ, կուշից (լյուֆա, չինական բամիա) ստացված կենցաղային սպունգ, անուշահամ չամիչ, մեղրագինի, չորացրած լափռի՝ նաեւ աղացած եւ այլն։ Անշուշտ, ոչ բոլոր աշխատանքներն էին ուղեկցվում համտեսով․ ոչ պակաս «զգայական» եւ դրվատանքի արժանի էին, օրինակ, Հայաստանի 15 գետերի ավազանների համայնքների հողատեսքերի վերաբերյալ ՏՏ գործիքակազմի օգնությամբ իրականացրած մանրակրկիտ հետազոտության արդյունքը՝ ուսանողի կազմած բուսականության նորմալացված տարբերությամբ դասիչների տեսքով կամ բլոկային եւ անգարային տիպերի ջերմատների տնտեսական արդյունավետության՝ մասնագիտական բարձր մակարդակով արված վերլուծությունը։