Երեւանի կանաչապատման հարցերի մասին խոսում են բոլորը՝ մասնագետ եւ ոչ մասնագետ, տեղյակ եւ անտեղյակ: Վերջին տարատեսակն ամենաաղմկոտն է: Մինչդեռ, մայրաքաղաքի կանաչ գոտիները արմատապես փոխելու քայլեր են կատարվում եւ հնարավոր չէ այդ ամենը չնկատել:
Բնականաբար, կանաչապատման հարցերում իրենց ծանրակշիռ, ուրույն խոսքն են ասում ագրարայինցիները: «Ուրիշ էլ ո՞վ»,-կհարցնի մեր ընթերցողը եւ չի սխալվի:
Օրերս քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալագրերով խրախուսեց մեր մասնագետներին՝ ՀԱԱՀ Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, մելիորացիայի և ագրոքիմիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն, գ.գ.թ., դոցենտ Գայանե Գասպարյանին, «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ, ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Արծվի Գրիգորյանին, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փորձագետ, ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Հասմիկ Խուրշուդյանին, «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փորձագետ, ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, գ.գ.թ. Արմենակ Տեր-Գրիգորյանին: Ի դեպ, այս փաղանգում էին նաեւ տարիներ առաջ մեր համալսարանում ստորաբաժանումներ ղեկավարած՝ ԵՊՀ Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսոր, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության փորձագետ, ա.գ.դ., պրոֆեսոր Հովիկ Սայադյանը եւ ՀՀ ԳԱԱ Ա․ Լ․ Թախտանջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կ.գ.դ., պրոֆեսոր Ժիրայր Վարդանյանը:
– Անկախ քաղաքական կամ ոչ քաղաքական շահարկումներից ու ճնշումներից՝ դուք մնացիք ձեր հիմնավոր գիտական կարծիքին: Մենք նույնպես գիտական այդ ճանապարհից շեղումներ չենք ունենալու եւ հետեւողական ենք լինելու ճշմարտությունը բարձրաձայնելու գործում: Ուզում եմ մեկ անգամ եւս վստահեցնել, որ ձեր մեջքն ամուր է, եւ գիտական հենքով արված աշխատանքից մենք երբեւէ հետ չենք կանգնելու,- հանդիսության ժամանակ հավաստիացրել է քաղաքապետը: