Ագրարային համալսարանի գարեջուրն արժանացել է «Գարեջրի օրեր» փառատոնի այցելուների հիացմունքին

Հուլիսի 22-ին եւ 23-ին Երեւանում կայացած «Գարեջրի օրեր» փառատոնին մասնակցեց նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ ներկայացնելով մեր դասախոսների եւ ուսանողների պատրաստած լագերային տեսակի, չֆիլտրված քրաֆթ գարեջուրը:

Արդեն երկրորդ տարին անցկացվող Գարեջրի փառատոնի կազմակերպիչը «ԷվենտՏուրա» ընկերությունն է։ Նպատակը Հայաստանն աշխարհին ներկայացնելն է՝ որպես գարեջրի մշակույթ ունեցող եւ գարեջրի արտադրության մեջ առաջատար երկիր։

Ագրարային համալսարանը, լինելով Հայաստանում գարեջրագործության մասնագետներ պատրաստող միակ բուհը, ընդամենը մեկ տարի է, ինչ ունի Գարեջրագործության եւ թորման ուսումնափորձարարական լաբորատորիա, որի շնորհիվ ուսանողներն արդեն հնարավորություն ունեն տեսական գիտելիքները կիրառելու եւ տեղում գարեջուր պատրաստելու: Ագրարայինի գարեջուրն արժանացել է «Գարեջրի օրեր»-ի այցելուների եւ հատկապես՝ զբոսաշրջիկների հավանությանը:

Գարեջուր արտադրող տասնյակ ընկերությունների, ինչպես նաեւ արտասահմանյան գարեջրեր ներկայացնող տաղավարների շարքում ՀԱԱՀ տաղավարը երկու օր շարունակ աչքի է ընկել ոչ միայն իր գրավչությամբ, այլ նաեւ այցելուների չդադարող հոսքով:

Ագրարայինի գարեջուրն ու դրա պատրաստման տեխնոլոգիան հայ եւ օտարերկրացի հյուրերին էին ներկայացնում Բուսաբուծական մթերքների վերամշական ամբիոնի դասախոսները՝ ամբիոնի վարիչ Նունե Սիմոնյանի գլխավորությամբ եւ «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» մասնագիտության ուսանողները:

«Հատկանշական է, որ Ագրարայինի տաղավար այցելած յուրաքանչյուր ոք, մեկ բաժակ գարեջուր համտեսելուց հետո, ցանկություն էր հայտնում խմելու ամենաքիչը երկրորդ բաժակը»,- ասում է տաղավարը ներկայացնող դասախոսներից Էլինա Գրիգորյանը: Այցելուներից շատերը հետաքրքրվել են նաեւ, թե որտեղից կարող են ձեռք բերել ՀԱԱՀ-ում պատրաստվող գարեջուրը եւ առաջարկել այն վաճառքի ներկայացնել գոնե տեղական շուկայում:

«Գարեջրի օրեր» փառատոնը նոր հնարավորություն էր Ագրարային համալսարանը հանրությանը նոր տեսանկյունից ներկայացնելու, բացահայտելու նրա ներուժը նաեւ գարեջրագործության ոլորտում: Փառատոնին մասնակցող շատ գարեջրագործներ, որոնք մեծամասամբ  ՀԱԱՀ շրջանավարտներ են, այցելելով հարազատ բուհի տաղավար, ոչ միայն համտեսում էին բուհի արտադրած գարեջուրն ու հայտնում իրենց հիացմունքը, այլեւ դիտելով տաղավարում ցուցադրվող ՀԱԱՀ նոր ենթակառույցները ներկայացնող տեսաֆիլմը, հաճելիորեն զարմանում՝ տեսնելով ամբողջովին նոր Ագրարային համալսարան, որտեղ ստեղծվում են բոլոր հնարավորությունները ագրարային ոլորտի առաջատար եւ մրցունակ մասնագետներ պատրաստելու համար: