Ագրարային համալսարանը ճանապարհում է հաջողության եւս մեկ տարի․ տարեմուտի հանդիսությունը ջերմ էր

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ՀԱԱՀ-ի շքասրահում տարեմուտի հանդիսություն էր համալսարանի պրոֆեսորադասախոսական ու ուսումնաօժանդակ անձնակազմերի եւ ուսանողության ներկայացուցիչների համար․ մարտահրավերներ հաղթահարած, հաջողության եւս մեկ տարի գրանցած ագրարայինցիները բարձր տրամադրությամբ են ճանապարհում 2025-ը եւ բաց սրտով դիմավորում 2026-ը։ Հանդիսությանը հաճույքով մասնակցեց ՀԱԱՀ նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը։

Ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, ջերմորեն ողջունելով գործընկերներին, մասնավորապես ասաց․ «Եթե 2025 թվականի մեր ձեռքբերումների ամփոփ գնահատականը մեկ բառով տալու լինենք, ապա այդ բառն է՝ քանակական։ Մասնավորապես՝ ավելացել են համալսարանական բարեկարգված տարածքներ, նոր ենթակառույցներ, ավելացել է ընդունված ուսանողների թիվը եւ այլն։ Սակայն մեր աշխատանքից լիարժեք գոհ լինելու համար միայն քանակական ցուցանիշները բավարար չեն։ Ուստի, ճանապարհելով 2025-ը, յուրաքանչյուրս մեր առջեւ պիտի խնդիր դնենք, որ 2026-ը լինի որակի բարձրացման տարի, եւ այս գիտակցությունը պետք է ունենանք յուրաքանչյուր աշխատանքային օր»։

Ռեկտորը ջերմորեն շնորհավորեց գործընկերներին Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, բարի ճանապարհ մաղթեց անցնող տարվան, բարի գալուստ՝ եկողին, իսկ գործընկերներին, նրանց ընտանիքներին ու մերձավորներին՝ ամուր առողջություն։ Մաղթեց, որ ընդհանուր գործը անենք այնպիսի պատվախնդրությամբ, պատասխանատվությամբ եւ տեմպով, որ եկող տարի էլ ավելի բարձր ցուցանիշներով ամփոփենք մեր աշխատանքը։ Պարոն Զաքոյանը նաեւ փոխանցեց ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Խոջոյանի ջերմ ողջույնը եւ շնորհավորանքը ագրարայինցիներին։ Ծանրաբեռնվածության պատճառով պարոն Խոջոյանը չի կարողացել միանալ համալսարանի հանրույթին, սակայն նրա մաղթանքը նույնպես հանգում է բոլորիս ձգտմանը՝ պետք է ունենանք հզոր, մրցունակ Ագրարային համալսարան։

Անկեղծ մթնոլորտը, ուրախ տրամադրությունը, շնորհավորանքի ու բարեմաղթանքի ջերմ խոսքերի ու ժպիտների փոխանակումը, երաժշտությունն ու ազգային պարը (ի դեպ, հաշվապահությունն այս առումով մրցակցությունից դուրս է․․․) խորհրդանշում եւ իմաստավորում են ամբողջ տարվա ընթացքում կատարած մեծ աշխատանքը։ Տարի, որ, ուսանողների թվի էական ավելացումից բացի, նշանավորվել է նաեւ նորագույն թվային գյուղմասնագիտությունների ներդրմամբ, ազգային եւ միջազգային կրթական տարածքում Ագրարային համալսարանի տեսանելիության ավելացմամբ։

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Թող 2026 թվականը խաղաղ լինի, եւ Ագրարայինի մեծ ընտանիքն ունենա հնարավոր լավագույն պայմանները՝ արարելու, ստեղծագործելու եւ Հայրենիքը շենացնելու համար։