Ագրարային համալսարանն ըստ արժանվույն ներկայացավ Գյուղական կյանքի եւ ավանդույթների 7-րդ փառատոնին՝ ոչ միայն մեր արդիականացված կրթական ծրագրերի մասին պատմող տեղեկատվական թերթիկներով, այլեւ համալսարանի տնտեսություններում այս տարի արտադրված օրգանական բանջարեղենով եւ այցելուների առանձնահատուկ ուշադրությանն արժանացած ցորենի էլիտա դասի սերմացուով, անշուշտ՝ նաեւ «Սերունդ» գինիներով:
«Կանաչ արահետ» ՀԿ-ի նախաձեռնած ավանդական իրադարձությունն այս տարի կայացավ սեպտեմբերի 18-19-ին, արդեն երկրորդ տարին է ինչ՝ «Կանաչ արահետի» Ձորաղբյուրում գտնվող Ուսուցման կանաչ կենտրոնում: Հայաստանի, Վրաստանի, Ռումինիայի եւ այլ երկրների ֆերմերներ եւ ֆերմերային խմբեր իրենց արտադրանքը ցուցադրելու եւ վաճառելու լավ հնարավորություն ստանալուց զատ, նաեւ կարողացան նոր գործարար կապեր հաստատել մեկմեկու եւ գյուղարտադրությանն ու վերամշակմանն աջակցող հայաստանյան ու արտերկրի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս ամենն անցկացվեց հանդիսավոր մթնոլորտում, ազգային երգուպարի ուղեկցությամբ:
Ագրարային համալսարանը գործընկերների, փառատոնի այցելուների եւ մանավանդ ուսանողների ու դպրոցականների համար ասելիք ու ցուցադրելիք ուներ նաեւ Փառատոնի երկրորդ օրը: «Կանաչ շաբաթի» շրջանակում ցուցադրվեցին մեր համալսարանի գյուղատնտեսական երկու անօդաչու թռչող սարքերը: DJI ընկերության արտադրած ԱԹՍ-ները համալսարանին են տրամադրվել ԵՄ-ից ֆինանսավորվող ու Ավստրիական զարգացման գործակալությունից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի շրջանակում: Ցուցադրեցինք նաեւ Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնի արդիական սարքավորումները:
Տարածաշրջանային նշանակության ավանդական փառատոնին Ագրարային համալսարանի արժանապատիվ ներկայացվածությունն այս տարի ապահովեցին Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակիցներ Անի Հովակիմյանը եւ Մանե Շուշանյանը, որոնց ժամանակ առ ժամանակ միանում էին համալսարանի այլ պատասխանատուներ, ինչպես օրինակ՝ Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, մելիորացիայի եւ ագրոքիմիայի գիտական կենտրոնի տնօրեն Գայանե Գասպարյանը: