Արդեն գործող ավանդույթի համաձայն այս տարի ևս Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ, ENIC Armenia) դեկտեմբերի 23-ին կազմակերպեց օտարերկրյա որակավորումների ճանաչման վերաբերյալ հերթական դասընթացը: Այն վերաբերում էր փախստականների որակավորումների ճանաչմանը, քաղաքականությանը և պրակտիկային։ ՀԱԱՀ-ից հանդիպմանը մասնակցեց Միջազգային կապերի դեպարտամենի պետ Գարեգին Համբարձումյանը։
Փախստականների որակավորումների ճանաչումը հատկապես վերջին տարիներին համարվում է ժամանակակից կրթության ամենամեծ հիմնախնդիրներից մեկը՝ պայմանավորված արդեն միլիոնների հասնող փախստականների թվաքանակով։ Խնդիրն այն է, որ նրանցից ոչ բոլորը կարող են ներկայացնել իրենց կրթության վերաբերյալ ամբողջական փաստաթղթեր ապաստարան տրամադրող երկրում, իսկ դրանց բացակայության դեպքում նրանք անկարող են շարունակել իրենց կրթությունը կամ հավաստել իրենց կրթական աստիճանը։ Այս խնդրի լուծման համար կա Փախստականների որակավորումների անձնագիր, որը խորհդատվական տեղեկություն է տրամադրում փախստականների ստացած որակավորումների վերաբերյալ։ Դրա տրամադրմանը նախորդում է համապատասխան հանձնաժողովի կողմից իրականացվող մանրակրկիտ ուսումնասիրությունը, որի արդյունքում որոշում է կայացվում վերոհիշյալ անձնագրի տրամադրման կամ մերժման վերաբերյալ։ Նշենք, որ այս անձնագիրը չի փոխարինում կրթական փաստաթղթերին, նաև չի ենթադրում ավտոմատ ընդունում աշխատանքի կամ բուհ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև ՀՀ բուհերի կողմից իրականացվող օտարերկրյա որակավորումների և կարճաժամկետ ուսուցման/կրեդիտային շարժունության ճանաչման հետազոտության արդյունքները, որին մասնակցել էր նաև մեր համալսարանը։ Ինչպես վկայեցին ներկայացված արդյունքները, դեռ կան որոշակի խոչընդոտներ շարժունության արդյունքների և կրեդիտների ճանաչման ոլորտում, մասնավորապես՝ գիտելիքների գնահատման համակարգերի և գնահատականների հաշվարկման համեմատական սանդղակների բացակայությունը, ուսումնառության վերջնարդյունքների կառուցվածքային և բովանդակային տարբերությունները, հստակ ընթացակարգերի բացակայությունը, բուհի ստորաբաժանումների ոչ բավարար տեղեկացվածությունը, դիպլոմի հավելվածում ուսումնական արտապլանային առարկաների գրանցման բացակայությունը և, թերևս ամենամեծ հիմնախնդիրներից մեկը, որն է՝ էական տարբերությունների հարցը և ինչպես որոշել, որ տարբերությունն է էական։
Նման դասընթաց-հանդիպումը ևս մեկ անգամ փաստում է, որ չնայած շարժունության ոլորտում իրականացված բազմաթիվ փոփոխություններին, դեռ կան էական խոչընդոտներ ուսանողների շարժունությունը հեշտացնելու և արդյունքները ճանաչելու ուղղությամբ, ընդ որում, նույնիսկ առաջատար եվրոպական երկրներում։ Այս տեսակետից հավելենք, որ ՄԿԴ-ն նախաձեռնել է շարժունության ընթացքում կրեդիտների ճանաչման և կուտակման վերաբերյալ ընթացակարգի մշակումը, որը շուտով կվերջնականացվի և կներկայացվի հաստատման։
ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյան