Հունիսի 10-ին ՀԱԱՀ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանի նախաձեռնությամբ կայացավ հետաքրքիր հանդիպում վարժարանի տնտեսագիտական հոսքի 11-րդ դասարանների աշակերտների ծնողների եւ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի միջեւ: Հանդիպումն ուներ ճանաչողական բնույթ եւ հետապնդում էր ապագա դիմորդների/ուսանողների մասնագիտական կողմնորոշման հարցում ծնողների հետ գործընկերային կապերի հաստատման նպատակ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ վարժարանի մի քանի աշակերտներ:
Պրոֆեսոր Ղազարյանը նախ ողջունեց տիկին Հակոբյանի հերթական նախաձեռնությունը, նշելով, որ հատկապես կարեւոր է համարում հենց 11-րդ դասարանների աշակերտների ծնողների հետ հանդիպումը, չէ որ նրանց երեխաները բուհ ընդունվելուց առաջ մասնագիտական ճիշտ կողմնորոշման համար դեռ մեկ տարի ունեն:
Այնուհետեւ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանը ջերմորեն ողջունեց վարժարանցիների ծնողներին եւ հակիրճ ներկայացրեց Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի կրթական ծրագրերը, ֆակուլտետի երկու՝ Ագրոէկոնոմիկա եւ Ագրոբիզնես եւ ֆինանսներ ուղղությունների մասնագիտությունների ընձեռած պոտենցիալ հնարավորությունները աշխատաշուկայում մրցունակ մասնագետ դառնալու համար, ուսանողական գիտական ընկերություններին մասնակցելու առավելությունները, համալսարանում իրականացվող բարեփոխումները, ուսանողական կյանքը: Պարոն Ղազարյանը խոսեց միջազգային չափորոշիչերին համապատասխանող երկու եզակի կրթական ծրագրերի՝ Ագրարային մենեջնենթ մագիստրոսական ծրագրի եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ընձեռած հնարավորությունների մասին:
Պատասխանելով ծնողներին (որոնք ներկայացված էին բացառապես մայրիկներով) հետաքրքրող հարցերին, պրոֆեսոր Ղազարյանն անդրադարձավ քննությունների անցկացման թեստային եղանակին, արտադրական փորձուսուցումերին եւ աշխատանքային կիսամյակին, որը լավ հիմք կդնի աշխատանքային հետագա կարիերայի համար, ուսման վարձերին եւ այլն: Հանդիպման ավարտին պարոն Ղազարյանն Ագրարային համալսարանի այսօրվա իրողությունները դիպուկ կերպով ամփոփեց մեկ արտահայտությամբ. «Հնարավորությունները լավն են, պահանջները՝ խիստ, միջավայրը՝ բարենպաստ»:
Դեկանի ուղեկցությամբ ծնողներն ու երեխաները եղան TOPAS-ի լսարանում եւ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում: Պայմանավորվեցին հաջորդ հանդիպման ժամանակ միասին այցելել նաեւ համալսարանի այլ ստորաբաժանումներ եւ նոր ենթակառույցներ: